Առաջ Ռուսաստանը Հունգարիայի գործերին միջամտելու անհրաժեշտություն չուներ. Oրբանն ու նրա կուսակցությունը կամովին գործն անում էին ռուսների փոխարեն

Հունգարացի մասնագետ, փաստերի ստուգման «Լակմուս» (Lakmusz) հարթակի գլխավոր խմբագիր ՍԻԼԱՐԴ ՏԵՑԱՐԸ այս հարցազրույցում պատմեց մեզ հունգարական քաղաքական անցուդարձերի եւ հանրային ընկալումների վրա սոցցանցերի ազդեցության առաձնահատկությունների մասին։ 

- Սոցիալական մեդիայի ո՞ր հարթակներից են բոլորից շատ օգտվում Հունգարիայի բնակիչները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:

Ս.Տ. - Քաղաքական առումով Հունգարիայում Facebook-ը դեռ ամենակարևոր սոցցանցն է, թերեւս ամենալայն օգտագործվողը: Չնայած որ երիտասարդների շրջանում, ինչպես, կարծում եմ, աշխարհի բոլոր անկյուններում, թափ է առնում Instagram-ի և TikTok-ի ժողովրդականությունը: Այդ պատճառով  վերջին տարիներին քաղաքական գործիչները նույնպես սկսել են ավելի ինտենսիվ օգտագործել այս հարթակները: Բայց ես կասեի, որ Facebook- ն առաջվա նման գերիշխում է:

YouTube-ում մենք ունենք ավանդական ԶԼՄ-ներ եւ տակավին նոր մեդիա միջոցներ, որոնք գործում են բացառապես այս հարթակում և հեռարձակում են իրենց բավական հայտնի քաղաքական շոուները: Հնարավոր է՝ YouTube -ն այնքան էլ կարևոր չէ քաղաքական գործիչների համար, թեև նրանք օգտագործում են այն իրենց ուղիղ հեռարձակումների  համար: Այլ բովանդակությունների դեպքում, որոշ բացառություններով, քաղաքական գործիչները YouTube այդչափ չեն օգտագործում:

Ինչ վերաբերում է X-ին (նախկին Twitter) և Telegram -ին, որոնք այլ երկրներում երբեմն շատ արդիական են տեղեկատվական համատեքստում, ապա կասեի, որ Հունգարիայում դրանք մարգինալ են:

X-ը հիմնականում օգտագործում են քաղաքական մոլագարները: Ի. Մասկի՝ X-ի ղեկը ստանձնելու պահից, այն, անշուշտ, էապես շեղվեց դեպի աջ թևը:

Որոշ մարգինալ խմբեր, որոնք խորասուզված են ռուսական կամ հակապատվաստումային ապատեղեկատվության մեջ, Telegram-ալիքներ ունեն: Բայց քանի որ լայն հասարակությունն իրականում Telegram չի օգտագործում, դրանք հենց այդ հարթակում լայն տարածում չեն ունենում: Պատահում է, որ, օրինակ, ապատեղեկատվական սյուժեները նախ հայտնվում են Telegram -ում, ապա բառացիորեն կամ նույնիսկ սքրինշոթի տեսքով արտատպվում են Ֆեյսբուքում: Եվ այնտեղ արդեն այդ պատմությունը կարող է հասնել շատ ավելի լայն լսարանի: Ահա սա է ընդհանուր պատկերը:

Ես կասեի, որ հարթակների ընտրության գործոններից, ակնհայտորեն, շատ կարևոր է տարիքը. երիտասարդներն ավելի լայնորեն օգտագործում են TikTok-ն ու Instagram-ը: Իսկ X-ի և Telegram-ի ընտրության գործոնները որոշ չափով բնորոշում են (օգտատերերի) քաղաքական կապվածությունը։

- Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդական մեդիա՞ն (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցային ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում (ընտրություններ, քաղաքական եւ այլ ճգնաժամեր) տեղեկատվություն տարածելիս:

Ս.Տ. - Ինչպես երևի գիտեք, այս տարվա ապրիլի ընտրություններից հետո մեզ մոտ իշխանափոխություն տեղի ուեցավ։ Ուստի՝ ճիշտ կլինի, որ պատասխանս բաժանեմ «ապրիլյան ընտրություններից առաջ»-ի և «հետո»-ի։

Առաջ՝ Վիկտոր Օրբանի կառավարությունն էր: Թեև նա այնքան էլ չէր սիրում շփվել անկախ մեդիայի հետ, բայց իր կուսակցության և կառավարության շուրջ հսկայական քարոզչական մեդիա կայսրություն կառուցեց: Նա բավական ակտիվ էր օգտագործում այն, չնայած որ եւ նա, եւ նրա կառավարությունն ու կուսակցությունը ակտիվ էին նաեւ սոցցանցային հարթակներում:

Այն ժամանակ կրկնակի հաղորդակցության ռազմավարություն էր։

Ապրիլից հետո իշխանության եկավ Պետեր Մադյարի կառավարությունը։ Նա մեդիայում համեմատելի նախապատմություն չունի, բացի կուսակցությանը մոտ կանգնած շատ փոքր լրատվամիջոցներից: Նա չի վերահսկում ավանդական մեդիան, բայց շատ ուժեղ է ընտրողների հետ ուղիղ հաղորդակցման հարցում՝ սոցիալական մեդիայի կամ դեմ առ դեմ շփման միջոցով:

Քարոզարշավի ընթացքում դեմ առ դեմ շփումը շատ կարևոր էր նրա համար: Նա մի քանի անգամ շրջագայել է երկրում, այցելել նույնիսկ փոքր քաղաքներ ու գյուղեր:

Այնպես որ, որոշ առումով, որքան դա հնարավոր է, նա փորձում է շրջանցել ավանդական մեդիան և կենտրոնանում է սոցցանցերի իր հետևորդների վրա: Այդ պատճառով նա շատ հաճախ հեռարձակում է իր ելույթներն ու քաղաքական միջոցառումները։ Հատկապես, երբ (ինչպես ձեր հարցում նշեցիք) խոսքը օրվա լուրերի կամ ճգնաժամերի մասին է, նա սիրում է ուղիղ շփվել ընտրողների հետ: Սա չի նշանակում, թե ավանդական մեդիան որեւէ դեր չի խաղում: Իհարկե, կառավարությունը մամուլի ասուլիսներ է կազմակերպում գրեթե ամեն շաբաթ, Մադյարը կամ նրա նախարարները նույնպես հարցազրույցներ են տալիս: Բայց ակնհայտ է, որ բարձրագույն ղեկավարության ռազմավարությունը ընտրողների հետ սոցիալական մեդիայի միջոցով ուղղակի հաղորդակցությունն է:

Հետաքրքիր է, որ Օրբանի «Ֆիդես» (Fidesz) կուսակցության նախկին մեդիա կայսրությունն սկսել է բավական արագ քայքայվել: Ակնհայտ է, որ նրանք կորցրել են իրենց լսարանի մի մասը: Բայց չեմ տեսնում, որ նրանք էլ իրենց հերթին ուժեղացնեն իրենց ներկայությունը սոցիալական ցանցերում: Այնպես որ, գուցե դեռևս անցումային շրջանում են:

Քաղհասարակության խմբերը սովորաբար փորձում են օգտվել հասանելի յուրաքանչյուր հնարավորությունից: Ուստի՝ մեծ հաճույքով են շփվում ավանդական մեդիայի հետ: Բայց, իհարկե, նրանք ունեն իրենց սեփական հաղորդակցային ռազմավարությունն ու միջոցները եւ նույնպես օգտագործում են սոցցանցերը:

- Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:

Ս.Տ. - Իմ կարծիքով իրենք՝ քաղաքական գործիչները, քաղաքական կարծիք ձեւավորողները շատ կարևոր են: Թեև, վերջիններիս մասին խոսելիս պետք է նաև նշել, որ Օրբանի «Ֆիդես» կուսակցության մեդիա կայսրության մեջ էր նաեւ «Մեգաֆոն» կոչվող կարծիք ձեւավորողների ցանցը։ Եվ այն նույնպես սկսել է քայքայվել։ Այդ ցանցը կորցրել է իր լսարանի որոշ մասը և դանդաղեցրել է ինտենսիվությունը: Քարոզարշավի ամենահետաքրքիր կողմը սոցցանցերում այն էր, որ չնայած «Ֆիդեսի» գործիչները Պ. Մադյարի այն ժամանակ ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունից շատ ավելի հաճախ էին գրառումներ անում և ավելի մեծաքանակ բովանդակություն էին հրապարակում, բայց «Տիսան» ստաբիլ հաղթում էր մրցավազքում ներգրավվածության (հավանումների, մեկնաբանությունների, տարածումների) տեսանկյունից:

Ուստի, ինչպես ցույց տվեց այս քարոզարշավը, քաղաքական ընտրապայքարում որոշիչը (քարոզչանյութերի) քանակը չէ: Գուցե պատճառն այն էր, որ «Տիսա»-ի գրառումներն ավելի բարձրորակ էին, ավելի գրավիչ, կամ պարզապես, որ «Տիսա»-ն համեմատաբար նոր կուսակցություն է, մարդիկ ավելի շատ էին հետաքրքրված նրանցով, ավելի ակտիվ ներգրավվում էին «Տիսա»-ի, քան թե «Ֆիդեսի» շրջանառած բովանդակության մեջ:

- Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:

Ս.Տ.- Վիկտոր Օրբանն իր կուսակցության հետ բավական մոտ էին Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին։ Այնպես որ, տարիներ շարունակ իմ հիմնական վարկածն այն էր, որ Ռուսաստանն իրականում Հունգարիայում, հունգարական քաղաքականությանն ուղղակիորեն միջամտելու համար ներդրումներ անելու անհրաժեշտություն այնքան էլ չուներ, քանի որ Օրբանի շահերը շատ լավ համընկնում էին Ռուսաստանի կամ Պուտինի շահերի հետ։ Օրբանին ու թիմին սատարում էր շատ հզոր մեդիա կայսրությունը, այնպես որ նրանք կարծես կամովին գործն անում էին ռուսների փոխարեն:

Սա փոքր-ինչ փոխվեց այս տարվա նախընտրական քարոզարշավի ժամանակ, քանի որ մենք լսեցինք լուրեր Ռուսաստանից եկող ուղիղ ազդեցության, ապատեղեկատվական արշավների մասին։ Կային միջազգային դիտորդական խմբեր, որոնք նույնպես փաստագրել էին այդ ռուսական արշավներից մի քանիսը: Դրանք հիմնականում ակտիվ էին X-ում և Facebook-ում, բայց նույնիսկ այս քարոզարշավում, ես կասեի, որ ուղղակիորեն Ռուսաստանին վերագրվող ապատեղեկատվական գործողությունները պակաս կարևոր էին, քան, օրինակ, «Ֆիդեսի» և նրա մեդիայի ներքին ապատեղեկատվությունը:

X-ում այդ գրառումները, նախ, շատ հաճախ անգլերեն էին, ինչն ինքնին սահմանափակում է դրանց ազդեցությունը հունգարական հասարակության վրա, և նաև այն փաստը, որ դրանք X-ում էին, որը շատ չեն օգտագործում հունգարացիները, նույնպես սահմանափակեց դրանց ազդեցությունը: Մեր տվյալներով՝ երբ դրանք հայտնվում էին Facebook-ում, նույնիսկ գովազդի առկայության դեպքում, ապա ծածկույթը հասնում էր առավելագույնը 100 000 մարդու, ինչն, անշուշտ, քիչ չէ 10 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար, բայց ոչ էլ բնակչության մեծ մասն է կազմում: Կարծում եմ՝ ռուսներն այս անգամ փորձեցին ուղղիղ կերպով միջամտել այն պատճառով, որ զգում էին, որ Օրբանը պարտվում է, եւ մտածում էին, որ պետք է ամեն ինչ փորձել։ Բայց այդ արշավները, որոնք մենք կարող ենք ուղիղ կերպով կապել Ռուսաստանի հետ, այնքան էլ ազդեցիկ չէին:

Բացի այն բանից, որ նրանք երբեմն փորձում էին դա անել ոչ ճիշտ ալիքների միջոցով, ոչ ճիշտ լեզվով, նաև բովանդակությունները ցույց տվեցին, որ այնքան էլ լավ ծանոթ չեն հունգարական համատեքստին։ Նրանց լուրերն այնքան ակնհայտ կեղծ էին, որ նույնիսկ Օրբանամետ մեդիան դրանք չօգտագործեց: Օրինակ, կար մի պատմություն՝ կապված Պետեր Մադյարի նախկին կնոջ հետ, որն իբր հուշեր է գրել Մադյարի մասին եւ մեղադրել է նրան ընտանեկան բռնություն կիրառելու, իրենց ընտանեկան շանը սպանելու և նման այլ վատ բաների համար:

Բայ այդ կեղծ պատմությունն այնքան հեռու էր իրականությունից, եւ, իհարկե, յուրաքանչյուր հունգարացու համար ակնհայտ էր, որ եթե նման գիրք իրոք գոյություն ունենար, ապա մամուլը հեղեղված կլիներ այդ ամենով: Այդ պատճառով այն առանձնապես արձագանք չունեցավ։

Երբեմն կեղծ սյուժեներն ավելի մեծ ազդեցություն էին գործում արտասահմանում։ Օրինակ, այդ կեղծ հուշերի մասին կեղծ պատմությանը Լեհաստանում հավատացել էր Յարոսլավ Կաչինսկին (Լեհաստանում խոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ – խմբ.) եւ հիշատակել էր այն իր հարցազրույցներից մեկում։

 

Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպայի Միության և ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Տեսանյութի բովանդակության պատասխանատվությունը միայն «Ռեգիոն» հետազոտական կենտրոնինն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպայի Միության և GMF TF -ի կարծիքը։

 

F

© 2001-2026
Исследовательский Центр "Регион"

    +37410 563363
    [email protected]
    ул. Бузанда 1/3, 8-й этаж, Ереван, Армения

Новая версия сайта разработана при финансовой поддержке Европейского фонда за демократию (EED).