Մենք գործ ունենք տեղական մեդիայի միջոցով ներքին մանիպուլյացիոն նարատիվների հետ
Մեդիայի եւ մշակույթի ոլորտի անկախ հետազոտող ՏԻՅԱՆԱ ՄԻՉԱՆՈՎԻՉԸ մեզ հետ հարցազրույցում ներկայացնում է Սերբիայում հոկտեմբերի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի, հանրության, կառավարող կուսակցության եւ ընդդիմադիր ուժերի սոցցանցային հարթակներից օգտվելու իրողությունները, սոցցանցերի եւ ավանդական մեդիայի հետ կապված այլ հարցեր։
- Սոցիալական մեդիայի ո՞ր հարթակներից են բոլորից շատ օգտվում Սերբիայի բնակիչները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:
Տ.Մ. - Սերբիայում Instagram-ը, Facebook-ը, TikTok-ը և YouTube-ն ամենաշատ օգտագործվող սոցցանցերի շարքում են, իսկ Instagram-ն ամեն օր ամենաշատ օգտագործվող հարթակն է: Հետազոտական տվյալների համաձայն՝ միջին վիճակագրական օգտատերը օրական մոտ 102 րոպե է անցկացնում Instagram-ում:
Սակայն կարևոր է տարբերակել (օգտատերերի) տարիքային և գենդերային խմբերը, որոնցով պայմանավորվում է սոցցանցերի օգտագործման այս պատկերը: Երիտասարդական լսարանի համար Instagram-ը միանշանակ ամենաընդունված սոցիալական հարթակն է:
Երիտասարդները նախընտրում են Instagram-յան պատմություններ (stories) և կարճ հոլովակներ (reels): Բայց երիտասարդների շրջանում, հատկապես 18-29 տարիքային խմբում, մենք տեսնում ենք նաև TikTok-ի օգտագործման աճ, մինչդեռ Facebook-ից առաջվա նման ամենաշատն օգտվում է 40 և ավելի բարձր տարիքի լսարանը: Ըստ որոշ հետազոտությունների՝ կանայք նախընտրում են Instagram-ը՝ ավելի սոցիալական ուղղվածության, ավելի հաղորդակցական հարթակները, մինչդեռ տղամարդիկ նախընտրում են YouTube-յան տեսանյութեր և որոշ լրատվական պորտալներ:
Բայց կարևոր է նշել վերջին երկու տարիների ընթացքում քաղաքական լուրերի շրջանառման հարցում այս սոցցանցերի ժողովրդականության աճի մասին: Սերբիայում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում (ընտրությունները տեղի են ունենալու 2026 թ. հոկտեմբերի 25-ին – խմբ.) այժմ գործում են առաջատար ուսանողական ընդդիմադիր շարժման Instagram-յան օգտահաշիվներ:
Ուսանողներն Instagram-ն օգտագործում են իրենց բողոքի ցույցերի և առօրյա գործունեության մասին իրազեկման համար: Կարևոր է նշել, որ այդ նպատակով ուսանողական և որոշ այլ խմբեր կրեատիվ, կարճ բովանդակություններ են շրջանառում նաև X-ում (նախկին Twitter-ում):
- Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդական մեդիա՞ն (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցական ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում (ընտրություններ, քաղաքական եւ այլ ճգնաժամեր) տեղեկատվություն տարածելիս:
Տ.Մ. - Ավանդական և թվային մեդիայի միջև տարանջատման առումով սերբական մեդիադաշտում իրողությունը դեռ միանշանակ չէ: Այդ պատճառով չեմ կարող հստակ նշել, թե ով է հաղթում։ Սակայն կասեմ, որ թերեւս ամենալայն լսարանի ընդգրկում ունեն մեր ազգային հեռարձակողները, հեռուստատեսությունը: Սոցցանցերը ձեռք են բերել կարևոր նշանակություն, հատկապես հրատապ հաղորդակցության հարցում, քանի որ նորությունները և տարբեր, այդ թվում՝ ուղիղ եթերի, ձեւաչափի կոնտենտը, կարող են շատ արագ տարածվել:
Դա տեղի ունեցավ վերջին երկու տարիների ընթացքում, երբ մեզ մոտ ուսանողական բողոքի ալիք բարձրացավ, որը լայն արձագանք գտավ հանրության շրջանում։ Քանի որ այդ ուսանողական, քաղաքացիական շարժումները կառավարության ու առաջատար կուսակցությունների հսկողության տակ գտնվող ավանդական մեդիայում հասանելիություն չունեին, իրենց ուղերձները հանրությանը հասցնելու նպատակով օգտագործում էին սոցցանցերը։ Այս կարգի ընդդիմադիր խմբերի համար սոցցանցերը առանձնակի կարեւոր են։
Ուսանողական շարժումն սկսվեց 2024 թ. նոյեմբերին բուհերի շրջափակումներով եւ պահանջով թափանցիկ հետաքննել Նովի Սադում տեղի ունեցած ողբերգությունը (խոսքը Սերբիայի երկրորդ քաղաք Նովի Սադի երկաթուղային կայարանի մուտքի բետոնե ծածկի փլուզման մասին է, ինչի հետեւանքով եղել են զոհեր- խմբ.), ավելի լավ պայմաններ ապահովել համալսարանների համար: Շրջափակումներն ու պահանջները տարածում գտան լայն լսարաններում և քաղաքացիական հասարակության շրջանում, հասարակական տարբեր շերտեր սկսեցին աջակցել ուսանողներին:
Բողոքի խմբերն սկսեցին սոցցանցերն օգտագործել իրենց պահանջները ներկայացնելու նպատակով, շատ կրեատիվ միջոցներ էին կիրառում իրենց արտահայտման և սոցցանցերի օգտագործման հարցում։ Ի տարբերություն իշխող կուսակցության եւ կառավարական մարմինների, որոնք գլխավորապես օգտագործում են իրենց վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված մեդիամեքենան, ընդդիմադիր այդ խմբերը սոցցանցերում ունեն լսարաններին օրգանական հասանելիություն:
- Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:
Տ.Մ. - Ինչպես արդեն ասացի, ուսանողական շարժումը և քաղհասարակության տարբեր ընդդիմադիր դերակատարները սոցցանցերն օգտագործում են իրենց ուղերձները փոխանցելու համար։ Շատ կարևոր է նշել ապակենտրոնացված հաղորդակցության դերի մասին։ Այսպես, ուսանողական շարժման սկզբում Instagram-ում բացվեց «Studenti u Blokadi» (թարգմանաբար՝ «Բողոքող ուսանողներ» - խմբ.) գլխավոր էջը, որը ներկայումս ունի մոտ 1 միլիոն հետևորդ: Բայց նաև բուհերից յուրաքանչյուրն ունի իր սեփական էջը, որոնք նրանք օգտագործում են հանրային իրազեկման, հանրությանն իրենց ուղերձները հղելու համար։ Այդ էջերից յուրաքանյուրն ունի հասարակությանը, լսարանին դիմելու ուրույն ոճ: Դա դրսեւորվում է հատկապես հիմա՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
Նախընտրական այս փուլում, չունենալով ոչ բյուջե, ո՛չ էլ ավանդական մեդիային հասանելիություն, շարժման անդամներն օգտվում են սոցցանցերի տարբեր ձևաչափերից՝ իրենց ուղերձները հղելու և հնարավորինս շատ մարդկանց քվեարկության մեջ ներգրավելու համար:
- Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:
Տ.Մ. - Չէի ասի, թե մենք ունենք որեւէ փաստաթղթավորված արտաքին տեղեկատվական միջամտության (FIMI-ի) դեպքեր։ Բայց իրականում անշուշտ պետական գործիչներն ու իշխող կուսակցությունն են ձևավորում են շուրջբոլորը տարածվող այդ նարատիվը, քանի որ նրանք են ներկա ավանդական մեդիայի մեծ մասում և հատկապես ազգային հեռուստաընկերություններում։
Նրանք են, որ արտաքին քաղաքականության մեջ փորձում են Թրամփի վերընտրությունից հետո Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն ներկայացնել շատ դրական լույսի ներքո, որպես մեր ազգի բարեկամների, իսկ Եվրոպական միությունը սովորաբար՝ շատ բացասական երանգներով։ Նրանք են, որ փորձում են իրենց տեսակետները ներկայացնել որպես հանրային կարծիք: Նրանք հիմնականում օգտագործում են ավանդական մեդիան՝ սփռելու իրենց դրական լույսի ներքո ներկայացնող որոշ նարատիվներ եւ քողարկելու որոշ պատմություններ ու իրադարձություններ, որոնք նրանց բացասական տեսանկյունից են պատկերում:
Այնպես որ, եթե մեզ մոտ տեղի է ունենում ինչ-որ իրադարձություն, հայտնվում է ինչ-որ լուր, որոնք շատ են փչացնում իշխող կուսակցության՝ իրենց իսկ ջանքերով ստեղծված իմիջը, ապա (իշխող ուժերը) ստեղծում են կեղծ նարատիվ, հորինում են ինչ-որ կեղծ պատմություն այդ բացասական համբավը չեզոքացնելու համար։
Այսպիսով, մենք գործ ունենք տեղական մեդիայի միջոցով ներքին մանիպուլյացիոն նարատիվների հետ, որոնք կարող են ուժգնացվել սոցցանցերում բոտերի կիրառմամբ: Բայց հետաքրքիրն այն է, որ դրանք բոլորը կեղծ օգտահաշիվներ չեն։ Կան նաեւ իրական մարդիկ, որոնք կարող են ունենալ մի 30 սոցցանցային էջեր եւ աջակցում են (իշխանությունների) կեղծ նարատիվներին։
Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպայի Միության և ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Տեսանյութի բովանդակության պատասխանատվությունը միայն «Ռեգիոն» հետազոտական կենտրոնինն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպայի Միության և GMF TF -ի կարծիքը։


+37410 563363
ул. Бузанда 1/3, 8-й этаж, Ереван, Армения