Իտալիայում 2027թ. նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է նաեւ ԱԲ-ի միջոցով ստեղծված կեղծ պատկերների շրջանառմամբ

Մոդենայի եւ Ռեջիո Էմիլիայի համալսարանի (Իտալիա, UniMORE) պրոֆեսոր ՄԱՍԻՄԻԼԻԱՆՈ ՊԱՆԱՐԱՐԻՆ մեզ հետ հարցազրույցում պատմում է Իտալիայի քաղաքական ուժերի սոցցանցային հաղորդակցության ձեռագրերի, հատկապես երիտասարդության շրջանում տարածված թվային սովորությունների, քաղաքական մրցակցությամբ պայմանավորված պոպուլիստական օրակարգերի մասին։

- Սոցիալական մեդիայի ո՞ր հարթակներից են բոլորից շատ օգտվում Իտալիայի քաղաքացիները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:

Մ.Պ. - Իտալիայում, ինչպես արեւմտյան շատ երկրներում, կան սոցիալական մեդիաի օգտագործման տարբերություններ, կապված օգտատերերի տարիքի, ժողովրդագրական այլ տվյալների հետ։ Facebook  հիմնականում օգտագործում են 50-70 տարեկան մարդիկ, Instagram՝ 18-40 տարեկանները, TikTok օգտագործում են ավելի երիտասարդները։ Բայց մենք նաեւ տեսնում ենք, որ այս սոցցանցն սկսել են օգտագործել մինչեւ 40 տարեկան մարդիկ նույնպես, եւ սա վերջին  տարիներին տեղի ունեցած փոփոխությունն է։ Ի տարբերություն նախորդ տարիների, այժմ X-ը հազվադեպ է օգտագործվում. դա հիմնականում անում են քաղաքական գործիչները, քաղաքական հաղորդակցությամբ, լոբինգով զբաղվողները։ Մոտավորապես 3 տարի առաջ ձախ, առաջադեմ հայացքներ եւ պրոգրեսիվ կուսակցություններին հարող մարդիկ որոշեցին հրաժարվել X-ից, քանի որ պոպուլիստական գաղափարների, ագրեսիվ հռետորաբանության, թշնամանքի լեզվի տարածումն այդ հարթակում մասշտաբային էր դարձել։

-  Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդական մեդիա՞ն (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցային ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում (ընտրություններ, քաղաքական եւ այլ ճգնաժամեր) տեղեկատվություն տարածելիս:

Մ.Պ. - Ես կասեի, որ, ցավոք, հանրային բանավեճերի վրա ազդեցության կարողությունների տեսանկյունից ավանդական ԶԼՄ-ները տանուլ են տալիս լսարանների ուշադրության համար մրցավազքում, քանի որ ԶԼՄ-ները, բացառությամբ հեռուստատեսությունը, կապ ունեն կրթական բարձր մակարդակով, պատրաստված մարդկանց հետ։ Խոսքս գլխավորապես մամուլի, թերթերի մասին է։

Հեռուստատեսությունն ավանդաբար կարեւոր դեր է խաղացել իտալական հանրային դեբատների մշակույթի եւ հանրային կարծիքի ձեւավորման հարցում։ Այդ տրանսֆորմացիան պայմանավորվեց կոմերցիոն հեռուստատեսության կենտրոնական դերակատարմամբ այն իմաստով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկար ժամանակահատված անց, երբ հանրային հեռարձակողները ուսուցողական եւ Իտալիայում հանրային դեբատների կատարելագործման գործառույթ էին կատարում, կոմերցիոն հեռուստատեսությունը շատ կարեւոր լսարան ձեռքբերեց։ Եվ 90-ական թվականներից հետո սկսեց միջամտել հանրային, քաղաքական դեբատներին։ Նախեւառաջ ես խոսում եմ Սիլվիո Բերլուսկոնիի եւ կոմերցիոն հեռուստատեսության իրագործած փոփոխությունների մասին։ Կարելի է ասել, որ Սիլվիո Բերլուսկոնիի, թող որ անգամ ոչ դետերմինիացված ներկայության արդյունքում իտալական հանրային կարծիքը դեպի աջակողմյան հայացքներ թեքվեց։ Եվ այդ ժառանգությունն իսկապես կարեւոր նշանակություն ունի նաեւ այսօր։ Կոմերցիոն, հանրային, ազգային հեռուստատեսությունը Ջորջիա Մելոնիի կառավարության օրոք էլ բավական կարեւոր դեր է խաղում հանրային դեբատները աջ հունով ծավալելու հարցում։

Աբսենտեիզմի (քվեարկողների քանակի կրճատման, էլեկտորալ ակտիվության նվազման, քաղաքականությունից դիստանցավորման – խմբ.) համատեքստում սոցցանցերն իսկապես կարեւոր դեր խաղացին։ Այն իմաստով, որ սոցցանցերը տարածք են, որտեղ մարդիկ խոսում են ընդհանուր թեմաների եւ խնդիրների մասին։ Իհարկե, ավանդական ԶԼՄ-ների համեմատ լիովին այլ կերպ (են խոսում), բայց կարելի է ասել, որ հիմա այս փուլում սոցցանցերի առանցքային դերն իսկապես շատ կարեւոր է, ոչ թե բացառապես քաղաքական, այլ ավելի լայն, հանրային նշանակության քննարկումների իմաստով

-  Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:

Մ.Պ. - Իշխող եւ այլ կուսակցությունների մեծ մասը մյուս տարի նոր ընտրություններ են ունենալու։ 2022 թվականից մինչ այսօր քաղաքական մեծամասնության կուսակցությունները շատ ակտիվ են օգտագործում սոցցանցերը։ Նախեւառաջ ՝ «Իտալիայի եղբայրներ»-ը (Fratelli d'Italia), որը երկրի խոշորագույն  կուսակցությունն է Ջորջիա Մելոնիի գլխավորությամբ։ «Առաջ Իտալիա»-ն (Forza Italia) իշխանական կոալիցիայի երկրորդ ուժն է, ունի հեռուստատեսության հետ սերտաճելու ավանդույթ, քանի որ նրա առաջնորդն ու հիմնադիրը Սիլվիո Բերլուսկոնին է եղել։ «Լիգա» (Lega) կուսակցությունը նույնպես օգտագործում է սոցցանցեր, ընդ որում՝ հուժկու ու ագրեսիվ եղանակով։ Չնայած կարելի է ասել, որ սոցիալական բնագավառում հեգեմոն դիրքերը «Իտալիայի եղբայրներ» կուսակցությանն են։

Մենք նաեւ կարող ենք նկատել, որ կան բազմաթիվ կազմավորումներ, որոնք թեեւ ուղղակիորեն չեն պատկանում այդ կուսակցություններին, սակայն դեր են ունեցել կառավարության կողմից առաջ քաշված թեմաների, խնդիրների շուրջ հաղորդակցությունների հարցում։ Նախեւառաջ այնպիսի հարցերում, ինչպիսիք անօրինական ներգաղթն է։ Նրանք աշխատում են քաղաքացիների վախերը անվտանգության, հանցագործությունների, այլ այնպիսի խնդիրների համատեքստերը ահագնացնելու ուղղությամբ, որոնք շատ տիպիկ են պոպուլիստական կուսակցությունների համար։ Չնայած իշխանության մաս կազմող  «Առաջ Իտալիա» կուսակցությունը ցենտրիստական է, բայց իշխանական կոալիցիայի ու կառավարությանը մոտ կանգնած կազմավորումների հաղորդակցային ընդհանուր տոնայնությանը վառ արտահայտված պոպուլիստական բնույթի է։ Կարելի է նաեւ ասել, որ կա նաեւ այդ տոնայնության ահագնացում, քանի որ Ջորջիա Մելոնին անհանգստացած է իրապես ծայրահեղ աջական՝ «Ազգային ապագա» (Futuro Nazionale) կուսակցության մրցակցությունից։ Այս կուսակցությունը ղեկավարում է բանակից քաղաքականություն եկած, նախկին գեներալ Ռոբերտո Վանաչչին։ Ըստ էության սա նեոֆաշիստական կուսակցություն է իտալական քաղաքական դաշտում։

-  Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:

Մ.Պ.- Հիբրիդային մեդիա համակարգի կապակցումը սոցցանցերի հետ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում մանիպուլյացիայի, ապատեղեկատվության, տարբեր կեղծ լուրերի եւ տեղեկատվական համակարգի ներսում «թույն» շրջանառելու համար։ Իտալիայում մենք ունենք նախեւառաջ երտասարդության հետ կապված խնդիր. կրթական ոլորտում եղած դժվարությունները, թվային լեզուների լայն տարածվածությունը, որոնք երիտասարդների առօրյա կյանքի անբաժանելի մասը եւ շփման սովորական միջոցն են դարձել, էապես թուլացրել են ճշմարտությունը, օբյետիվ փաստերը այլընտրանքային փաստերից, Ինտերնետում շրջանառվող լայն սպեկտրի մանիպուլյացիաներից (օբյեկտիվ փաստերը) տարանջատելու նրանց կարողությունը։

Իհարկե մենք չենք գտնի քաղաքական գործիչների, որոնք պաշտպանում են մանիպուլյացիայի ուղղակի կիրառումը։ Բայց կուսակցությունների հետ այսպես թե այնպես կապված տարբեր կազմավորումները կատարում են իրենց կեղտոտ գործը, ուղիղ են գործում, առանց որեւէ մտահոգության, առանց դեոնտոլոգիայի։ Այնպես որ սա իսկապես հսկա խնդիր է, որն Իտալիայում ավելի է բարդացվում արհեստական բանականության (կիրառման) պատճառով։ Վերջին երկու տարիների ընթացքում մենք տեսել ենք փնթի քարոզչության օրինակներ, երբ տարածվել են  արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ պատկերներ։ Նման քարոզչական միջոցի է դիմում Ռոբերտո Վանաչչիի ծայրահեղ աջ կուսակցությունը, եւ երբ որեւէ մեկը մատնանշում է այդ տեսակի նյութի լիակատար կեղծությունը, նա հայտարարում է, թե որեւէ պատասխանատվություն դրա համար չի կրում։ Կան, իհարկե (սոցցանցային) ընկերների խմբեր, ադմիրալների ինչ-որ շարժում, որոնք օգտագործում են նեգատիվ քարոզչության այդ միջոցը։

Այս խնդիրն ահագնանում է, եւ մենք անհանգստանում ենք հաջորդ տարի կայանալիք նախընտրական գործընթացի համատեքսում, քանի որ երկու գլխավոր կուսակցությունների առաջնորդները՝ Ջորջիա Մելոնին աջ ցենտրիստների կողմից եւ Էլի Շլայնը «Դեմոկրատական կուսակցությունից» (Partito Democratico) հայտարարում են, որ անհրաժեշտ է գտնել մանիպուլյացիաները օրենսդրական կարգավորումներով կանգնեցնելու,  արհեստական բանականության՝ մանիպուլյացիոն նպատակներով կիրառումը կասեցնելու ճանապարհը։ Սակայն դժվար թե նրանք կարողանան լուծում գտնել նախընտրական գործընթացից առաջ, որն, իհարկե արդեն սկսվել է։

 

Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպայի Միության և ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Տեսանյութի բովանդակության պատասխանատվությունը միայն «Ռեգիոն» հետազոտական կենտրոնինն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպայի Միության և GMF TF -ի կարծիքը։

F

© 2001-2026
Исследовательский Центр "Регион"

    +37410 563363
    [email protected]
    ул. Бузанда 1/3, 8-й этаж, Ереван, Армения

Новая версия сайта разработана при финансовой поддержке Европейского фонда за демократию (EED).