Գերմանիայի պետհաստատությունների համար սոցցանցերը հաղորդակցային ալիքներից մեկն են, ոչ առաջնայինը

Ինչպե՞ս, որքա՞ն հաճախ եւ ի՞նչ նպատակներով են Գերմանիայում պետական կառույցները, հասարակական-քաղաքական խմբերն օգտագործում սոցցանցերը։ Այս մասին է մեր հարցազրույցը գերմանացի մեդիա փորձագետ, Գերմանիայում «Եվրասիական հանրություն» կազմակերպության ներկայացուցիչ ՄԻԽԱՅԵԼ ՀՈՒՊԵՐՑԻ հետ։

 

- Սոցիալական մեդիայի ո՞ր հարթակներից են բոլորից շատ օգտվում Գերմանիայի բնակիչները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:

Մ. Հ. - Գերմանիայում ամենալայն սպառում ունեցող հարթակներն են WhatsApp-ը, YouTube-ը, Instagram-ը և Facebook-ը: TikTok-ը գործածվում է հատկապես երիտասարդների շրջանում, WhatsApp-ը՝ հիմնականում անձնական հաղորդակցության և խմբային «չաթերի» համար: YouTube-ը կարևոր է տեղեկատվության, ժամանցի և ուսուցողական տեսանյութերի  համար: Instagram-ն ու TikTok-ը հատկապես արդիական են վիզուալ բովանդակության և կարճ տեսանյութերի համար: Facebook-ը դեռևս լայնորեն օգտագործվում է, սակայն այս հարթակի լսարանը հիմնականում ավագ տարիքի օգտատերերն են: X-ը (նախկին Twitter) հիմնականում օգտագործվում է քաղաքական քննարկումների, նորությունների և հանրային հաղորդակցության համար: Telegram-ն օգտագործում են փակ խմբերը, լրատվական ալիքները և համայնքները: Այս հարթակը հաճախ քննադատվում է ապատեղեկատվության և ծայրահեղական բովանդակության պատճառով: LinkedIn-ը հատկապես կարևոր է մասնագիտական կապերի հաստատման և բիզնես հաղորդակցության համար:

Գերմանիայում ավանդական սոցցանցերի շարքում այժմ ամենալայն ընդգրկումն ունի Instagram-ը, որին հաջորդում են Facebook-ը և TikTok-ը: Աճում է TikTok-ի ժողովրդականությունը (hատկապես երիտասարդ օգտատերերի շրջանում), LinkedIn-ի ժողովրդականությունը՝ մասնագիտական հաղորդակցության ոլորտում։ Իսկ X-ը և Telegram-ը շարունակում են կարևոր մնալ նորությունների, քաղաքականության և որոշակի համայնքների համար:

Բայց մարդիկ սոցցանցային հարթակներն ընտրում են ելնելով նրանից, թե որտեղ են իրենց կոնտակտները, ինչպես նաև՝ առաջարկվող բովանդակության օգտակարությունից ու վստահելիությունից:

- Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդական մեդիա՞ն (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցային ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում. ընտրությունների, քաղաքական ճգնաժամերի ժամանակ կամ պարզապես հրատապ լուր տարածելիս ։

Մ. Հ. - Կարծում եմ, որ այս հարցին հնարավոր չէ հստակ պատասխանել: Պատճառն այն է, որ թե՛ ավանդական լրատվամիջոցները և թե՛ սոցիալական ցանցերը շարունակում են արդիական մնալ: Դրանց ազդեցությունը կախված է նրանից, թե մարդիկ ի՞նչ տեղեկատվություն են փնտրում և որքա՞ն քննադատաբար են այն գնահատում:

Հիշեցնեմ, որ 2013 թվականից ի վեր Գերմանիայում քաղաքական քննարկումները, հատկապես համացանցում, ավելի ու ավելի ագրեսիվ են դարձել։ Հետևաբար, քաղաքական տեղեկատվությունը հանգամանալից ստուգման կարիք ունի: Հետազոտությունները, ընտրությունների վերլուծությունը նույնպես վկայում են, որ տարբեր սոցիալական խմբեր օգտվում են տարբեր աղբյուրներից:

«Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) կուսակցության աջակցությունն ավելի մեծ է ցածր կրթական մակարդակով ընտրողների շրջանում, մինչդեռ «Կանաչներին» նախընտրում են բարձրագույն կրթությամբ ընտրողները: Սրանք երկու հակադիր խմբեր են, որոնք կարող են ունենալ մեդիա-սպառման բոլորովին տարբեր սովորույթներ:

Հստակ է մի բան․ քաղաքական հարձակումները, զգայուն թեմաներով մանիպուլյացիաները և կեղծ լուրերը հաճախ ռազմավարական նպատակներ են ունենում: Սոցցանցերը հատկապես արդյունավետ են նման բովանդակություններն արագ և հասցեական տարածելու համար:

Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա կարծում եմ, որ կառավարությունը, ընդդիմադիր կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները համադրում են ավանդական մեդիայից և սոցիալական հարթակներից օգտվելը:

Պետական/կառավարական հաստատությունները հիմնականում հենվում են պաշտոնական կայքերի, մամուլի ասուլիսների, հանրային հեռարձակողների և հրատապ տեղեկատվության համար ազդարարման համակարգերի վրա: Նախընտրական արշավների և քաղաքական քննարկումների համար ընդդիմադիր կուսակցություններն ավելի ակտիվորեն օգտագործում են Instagram-ը, TikTok-ը, Facebook-ը և X-ը: ՀԿ-ները Instagram-ն ու TikTok-ն  հանրային ազդարարման համար, Facebook-ը՝ տեղական խմբերի և միջոցառումների, LinkedIn-ը՝ մասնագիտական ցանցերի, իսկ WhatsApp-ը կամ Telegram-ը՝ համակարգման և մոբիլիզացման համար: Ընտրությունների և քաղաքական ճգնաժամերի ժամանակ հատկապես կարևոր են դառնում սոցցանցերը դարձյալ տեղեկատվության արագ ու անմիջականորեն տարածելու հնարավորության պատճառով:

Գերմանիայի կառավարությունը 2025 թվականին մոտ 400 օգտահաշիվ էր վարում: Մոտ 60 միլիոն եվրո է ծախսվել մեդիայի միջոցով կառավարական տեղեկատվական արշավների, գովազդի և հաղորդակցային միջոցառումների համար, որից մոտ 30 միլիոն եվրոն կազմել են առցանց գովազդի ծախսերը: Միևնույն ժամանակ, կառավարությունը չի կարողանում հստակ թիվ հայտնել սոցցանցային էջերի սպասարկման ընդհանուր ծախսերի վերաբերյալ, քանի որ անձնակազմն ու ռեսուրսները հաճախ օգտագործվում են միաժամանակ մի քանի հաղորդակցային առաջադրանքներ կատարելու համար:

- Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:

Մ. Հ. - Գերմանիայում հատկապես նախընտրական արշավների ընթացքում քաղաքական կուսակցություններն ու առաջատար քաղաքական գործիչները սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերն են դառնում: Ընդդիմադիր կուսակցությունները պետական հաստատություններից ավելի ագրեսիվ և անմիջականորեն են հաղորդակցվում: Հասարակական կազմակերպությունները նույնպես շատ ակտիվ են, հատկապես Instagram-ում, Facebook-ում, LinkedIn-ում և TikTok-ում:

Կառավարական պաշտոնյաները պարբերաբար օգտագործում են սոցցանցերը, սակայն դրանք դեռևս համադրում են մամուլի ասուլիսների, պաշտոնական կայքերի և ավանդական ԶԼՄ-ների հետ: Քաղաքական կուսակցությունների շարքում «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը հաջողել է TikTok-ում, Facebook-ում և X-ում ներգրավվածություն ապահովելու գործում:

Սոցմեդիան հատկապես կարևոր է երիտասարդ լսարանի համար: Գերմանիայում, օրինակ, մարդկանց 63%-ն օգտվում է սոցցանցերից առնվազն շաբաթական կտրվածքով: Instagram-ն ընդգրկում է մոտ 40%-ը, Facebook-ը՝ 31%-ը, իսկ TikTok-ը՝ 20%-ը: 14-29 տարեկան երիտասարդների մոտ կեսը կանոնավոր օգտվում է TikTok-ից:

Ինչ վերաբերում է պետական հաստատություններին, ապա սոցիմեդիան նրանց համար դեռևս հաղորդակցային մի քանի ալիքներից մեկն է, ոչ առաջնայինը: Լավ օրինակ է germany.de-ն (նաև germanydeutschland.de): Սա Գերմանիայի ԱԳՆ պատվերով գործող պաշտոնական տեղեկատվական հարթակ է: Այն վարում է սոցցանցային 11 էջ և 2024 թվականին ունեցել է մոտ 4,650,000 հետևորդ: Սա ցույց է տալիս, որ պետական հաղորդակցությունն այլևս չի սահմանափակվում միայն մամուլի ասուլիսներով և ավանդական մեդիայով։

Այնուամենայնիվ, սոցցանցերում գերմանական կառավարական հաղորդակցությունը նուրբ հավասարակշռման պահանջ ունի: Գերմանիայի սահմանադրական սկզբունքների համաձայն՝ կառավարությունը պարտավոր է տեղեկացնել հանրությանը, սակայն չպետք է օգտագործի պետական ռեսուրսները կուսակցական քաղաքական գովազդի համար: Ուստի, տեղեկատվության, հանրային կապերի (PR) և քաղաքական հաղորդակցության միջև սահմանը երբեմն դժվար է լինում տարբերակել:

Սա նաև Գերմանիայում ընթացող ավելի լայն զարգացումների մի մասն է: AfD-ի վերելքից ի վեր, հատկապես 2017 թվականին Բունդեսթագ անցնելուց հետո, քաղաքական հաղորդակցությունը սոցիալական ցանցերում զգալիորեն փոխվել է: Այդ կուսակցությունը մեծ հաջողության հասավ քաղաքական ուղերձները պարզ, էմոցիոնալ և պրոֆեսիոնալ ձևաչափերով ներկայացնելու գործում:

Սա ուժեղ «ձգողականության էֆեկտ» առաջացրեց: Քաղաքական կարգախոսներն ու նարատիվները լայնորեն տարածվեցին, իսկ որոշ դեպքերում մանիպուլյատիվ պնդումներն ու ավելի ագրեսիվ լեզուն հանրային քննարկումների մաս դարձան: Ուստի, կառավարությունը նույնպես փորձում է հարմարվել հաղորդակցության այս նոր իրողություններին, սակայն պարզապես սոցիալական ցանցերում ներկա լինելը ինքնաբերաբար չի նշանակում, որ հաղորդակցությունը հաջողված է:

Օրինակներից մեկը (նախկին) կանցլեր Օլաֆ Շոլցի և նրա պորտֆելի մասին կարճ տեսանյութն էր: Այն նախատեսված էր երիտասարդ լսարանին գրավելու համար, սակայն կարճ ընթացքում տեսանյութը համընդհանուր ծաղրի առարկա դարձավ և հեռացվեց: Այս ամենի դասն այն էր, որ քաղաքական գործիչները չպետք է պարզապես փորձեն նմանակել (սոցցանցային) կարծիք ձեւավորողներին:

Երիտասարդները նույնպես գնահատում են փաստահեն և վստահելի տեղեկատվությունը: Իրական մարտահրավերը լուրջ բովանդակությունը կարճ, ժամանակակից և պրոֆեսիոնալ ձևաչափով ներկայացնելն է՝ առանց «երիտասարդ երևալու» չափազանցված փորձերի:

- Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:

Մ. Հ. - Մենք պետք է հիշենք, որ կեղծ լուրը և ռազմավարական ապատեղեկատվությունը նորություն չեն: Պատմությանը հայտնի են քարոզչությունը, քողարկված միջամտությունն ու Տրոյական ձիու սկզբունքը: Այսօր յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն և պետություն առաջ է մղում իրադարձությունների իր սեփական մեկնաբանությունը: Սա ավելի ու ավելի է դժվարեցնում փաստերը քաղաքական նարատիվներից ու կանխամտածված կեղծիքներից տարբերելու հարցը: Գերմանիայի իշխանությունները հայտնում են արտաքին միջամտության գործողությունների, կիբեռհարձակումների և ապատեղեկատվական արշավների մասին: Միևնույն ժամանակ, ճիշտ է նաև այն, որ հետախուզական տվյալների հավաքագրումը միայն մեկ երկրով չի սահմանափակվում:

ԱՄՆ-ի կողմից կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսի գաղտնալսումը լայնորեն հայտնի օրինակ է: Գերմանիան վերջին շրջանի մի շարք կիբեռհարձակումներ և ազդեցության գործողություններ վերագրել է ռուսական կողմին, սակայն Ռուսաստանի կառավարությունը մերժում է նման բազմաթիվ մեղադրանքները:

2025 թ. դեկտեմբերին Ռուսաստանի դեսպանը կանչվել էր [ԱԳՆ] այն բանից հետո, երբ Գերմանիան Ռուսաստանին կապեց Գերմանիայի օդային թրաֆիկի կառավարման համակարգի վրա կիբերհարձակման և դաշնային ընտրությունների ժամանակ իրականացված ազդեցության արշավի հետ:

Պատերազմն Ուկրաինայում եւ միգրացիան Գերմանիայի ամենազգայուն թեմաներից են: Դրանք հաճախ են օգտագործվում կեղծ լուրերի տարածման, քաղաքական բախումների և տարաձայնություններն ավելի խորացնելու նպատակով:

Իմ կարծիքով, շատ մանրամասներ լիովին պարզ կդառնան միայն առաջիկա տարիներին: Սակայն այս պահին առաջնահերթությունը պետք է լինի հետագա էսկալացիայի կանխումը, թշնամանքի նվազեցումը և լուրջ դիվանագիտությանը վերադառնալը:

Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպայի Միության և ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Տեսանյութի բովանդակության պատասխանատվությունը միայն «Ռեգիոն» հետազոտական կենտրոնինն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպայի Միության և GMF TF -ի կարծիքը։

F

©2001-2026
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։