Վրաստանի իշխանությունը շատ լավ գիտի, թե ինչպես պետք է մանիպուլացնի հանրային կարծիքը

Ի՞նչ ուղերձներ են շրջանառում Վրաստանի իշխանություններն ու ընդդիմադիր ուժերը սոցցանցերում, որքա՞ն ակտիվ են օգտագործվում սոցցանցային տիրույթները վրաստանյան հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենալու համար, ովքե՞ր են հաղթում ազդեցության համար մրցապայքարում, եւ արդյո՞ք սոցցանցերը՝ որպես հաղորդակցական խողովակներ, վճռորոշ դեր են խաղում Վրաստանում։ Այս մասին է մեր հարցազրույցը ԹԱՄԱՐ ԿԻՆՑՈՒՐԱՇՎԻԼԻԻ հետ, որը Վրաստանում գործող Մեդիայի զարգացման հիմնադրամի (MDF) գործադիր տնօրենն է։

 

- Սոցիալական մեդիայի ո՞ր հարթակներից են բոլորից շատ օգտվում Վրաստանի բնակիչները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:

Թ.Կ. - Facebook-ը Վրաստանում ամենամեծ ժողովրդականություն ունեցող սոցցանցն է։ Առաջատար լրատվամիջոցներն ու տարբեր դերակատարներ Facebook-ում են առաջմղում իրենց էջերը: Որոշները թափանցիկ են, եւ դուք կարող եք տեսնել, թե ով է կանգնած դրանց հետևում: Սակայն սովորաբար դրանք կա՛մ Ռուսաստանի, կա՛մ երկրի իշխանությունների հետ կապված դերակատարներ են, երբեմն էլ՝ ընդդիմությունն է: Նրանց ռեսուրսները հավասար չեն. նրանք ստեղծում են անանուն էջեր՝ ծայրահեղ կարևոր թեմաների շուրջ հանրային կարծիքի վրա ազդելու, լսարաններ ներգրավելու համար: Սա է ընդհանուր պատկերը:

Սակայն երիտասարդության շրջանում նկատվում է ավելի շատ TikTok-ից կամ Instagram-ից օգտվելու ավելի մեծ միտում։ Երիտասարդ օգտատերերն ավելի շատ դիտում են ժամանցային բնույթի կարճ տեսանյութեր, քան Facebook-ի բովանդակությունը, որը տարբերվում է այդ հարթակներից:

- Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդակա՞ն մեդիան (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցային ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում (ընտրություններ, քաղաքական եւ այլ ճգնաժամեր) տեղեկատվություն տարածելիս:

Թ.Կ. - Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ հեռուստատեսությունը դեռևս մնում է տեղեկատվության հիմնական աղբյուրը: Սակայն ամենահայտնի հեռուստաալիքները վերահսկվում են իշխանության կողմից: Ընդդիմության հետ կապված հեռուստաընկերությունների ռեսուրսներն անբավարար են:

Իրականում դժվար է հակազդել իշխանական ուժին, ինչը դրսեւորվում է ոչ միայն առաջատար ԶԼՄ-ների վերահսկմամբ, այլև սոցցանցային տարբեր հարթակների գործադրմամբ: Իշխանությունը նաև չարաշահում է վարչական ռեսուրսները՝ հանրային կարծիքի վրա ազդելու համար:

Ընդդիմության հետ կապված Facebook-յան էջերը համեմատաբար սահմանափակ են: Իհարկե, ընդդիմությունը նույնպես ունի հաղորդակցության իր խողովակները: Բայց խնդիրը իշխող կուսակցության և տեղական շահառուների, տեղական ընդդիմության միջև ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունն է:
Ռուսաստանի հետ փաստացի կապված դերակատարները հիմնականում պահպանողական կուսակցություններն են և նրանց մեդիա հարթակները: Բայց նրանք են հենց առավել վարկաբեկված, քանի որ բացահայտ ռուսամետ դիրքորոշումը ժողովրդականություն չի վայելում։ Մինչդեռ իշխանական ալիքներով սփռվող նույն ուղերձներն ընդունվում են, քանի որ ձևացնում են, թե կողմնակից են ոչ թե Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններին, այլ, որ պաշտպանում են վրացական ինքնությունը պառակտված Արևմուտքից եկող սպառնալիքներից (ինչպես պահպանողականներն ընդդեմ լիբերալների):

- Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:

Թ.Կ. - Իրականում բոլորն էլ օգտագործում են այս ռեսուրսները, որովհետև դա ավելի էժան է: Եվ երբ դու սահմանափակ հասանելիություն ունես տարբեր քաղաքական խմբերի կողմից վերահսկվող հեռուստաալիքներին, ապա այդ նպատակով սոցցանցեր օգտագործելը շատ հեշտ է: Ձեր նախորդ հարցն այն մասին էր, թե ո՞վ է հաղթում տեղեկատվական պայքարում։ Ես կասեի, որ հաղթում է  իշխանությունը, որովհետև ունի ավելի շատ և բազմազան ռեսուրսներ՝ տարբեր լսարաններին հասնելու համար: Իշխանական ուղերձներն ու գործելաոճը, հաղորդակցության ռազմավարությունը հենվում է հանրային կարծիքի վրա, իշխանությունը շատ լավ գիտի, թե ինչպես պետք է մանիպուլացնի հանրային կարծիքը:

Օրինակ՝ փոխանակ ասեն, թե երկիրը տանում ենք դեպի Ռուսաստան, նրանք ասում են, թե դեռ շարժվում ենք դեպի Եվրոպա՝ «արժանապատվությամբ և խաղաղությամբ», մինչդեռ իրականում մեկուսացնում են երկիրը Արևմուտքից, որովհետև տարիներ առաջ հրաժարվել են ԵՄ-ին անդամակցելու օրակարգից: Եվ նրանք չեն իրագործում անդամակցության նախապայման հանդիսացող որևէ հանձնառություն: Այնպես որ, ավելի շատ ռեսուրսներ ունեցող դերակատարների համար ավելի հեշտ է մանիպուլացնել հանրային կարծիքը, իսկ իշխանությունն ակնհայտորեն ավելի լավ է ապահովված ռեսուրսներով:

Սա է հիմնական խնդիրը: Մենք չենք խոսում FIMI-ի մասին, ինչը նույնպես խնդիր է. ռուսական տեղեկատվական միջամտություն հիմա էլ կա: Մենք խոսում ենք ներքին տեղեկատվական մենիշխանության մասին, ինչն ավելի է խճճում այս ուղերձներից բխող վնասի ընկալումը:

- Իսկ Վրաստանի պաշտոնյաներն անմիջականորեն օգտագործո՞ւմ են Facebook, այլ սոցցանցեր:

Թ.Կ. - Այո, քաղգործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները սոցցանցեր օգտագործում են: Խոսքը միայն հաղորդակցության պաշտոնական ալիքների մասին չէ: Կան իշխանության կողմից վերահսկվող առաջատար հեռուստաալիքներ, դրանց սոցցանցային էջեր, ինչպես նաև՝ որոշ լրատվական գործակալություններին նմանակող եւ հանրությանը մոլորեցնող կեղծ էջեր: Իրենց վերնագրերում այդ էջերը կիրառում են լրագրողական լեզուն՝ տպավորություն ստեղծելով, իբրեւ թե լրատվամիջոց են։ Սակայն իրականում թափանցիկ չեն և կապված են տարբեր դերակատարների հետ:

Բացի սրանից, մենք բացահայտել ենք չորս դեպք, երբ հանրությանը մանիպուլացնելու նպատակով իշխանամետ լրատվամիջոցներում մեջբերվել են տարբեր մարդկանց ինքնությունը գողացած կեղծ էջերի բովանդակությունները եւ ներկայացվել որպես իրական մարդկանց կարծիքներ: Երբ ունես մեծ ռեսուրսներ, և չկան գործելու կարմիր գծեր, կարող ես ամեն ինչ վերահսկողության տակ պահել:

Սրանից զատ, անկախ ինստիտուտները վարկաբեկելու և ժողովրդավարական գործընթացի պատրանք ստեղծելու նպատակով, իշխանության ռազմավարությունն ի սկզբանե եղել է լեգիտիմ ինստիտուտներին զուգահեռ սեփական ինստիտուտների ստեղծումը. օրինակ՝ իրենց սեփական փաստերի ստուգման հարթակը կամ մեդիայի ինքնակարգավորման իրենց մարմինը։

- Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:

- Իրականում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դարձավ բացահայտ հակաարևմտյան, և դա սկսվեց Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո: Ռուսաստանի հետ կապված դերակատարներն օգտագործում էին Facebook-ը հեռարձակման և նորություններ տարածելու համար՝ հիմնականում կենտրոնանալով «պահպանողական Արևմուտքն ընդդեմ ուղղափառ Ռուսաստանի» նարատիվի վրա և քարոզելով Ռուսաստանի հետ ավելի սերտ ռազմական հարաբերություններ: Այս մարդկանց աջակցում էր Եվրասիական միության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը: Բայց քանի որ նրանք Վրաստանը Ռուսաստանին մոտեցնելու բացահայտ հայտարարված նպատակ ունեին, ավելի քիչ ժողովրդականություն էին վայելում: Եվ հիմա իշխանությունը գրավել է մեր տեղեկատվական տարածքը: Ես խոսում եմ ռուսական պրոքսիների, «Ալտ-Ինֆո» պահպանողական շարժման և նրանց ֆեյսբուքյան էջի մասին։

Սրանք Ա.Դուգինի հետ կապված խմբեր են, որը, եթե չեմ սխալվում, աջակցում էր 2020 թ. ջարդերին (խոսքը 2020թ աշնանը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարների դեմ բռնության մասին է – խմբ.)։ Երբ այդ իրադարձությունների ժամանակ  ծեծի ենթարկվեցին մարդիկ և լրագրողներ, (վրացական) պահպանողական շարժման ու Ա. Դուգինի ֆեյսբուքյան էջերը շատ ակտիվ էին այդ հավաքների դեմ։

Ընտրությունների ժամանակ նրանք օգտագործել են տարբեր մեթոդներ Telegram ալիքների և Facebook-յան էջերի միջոցով: Սակայն ի տարբերություն իշխանության կողմից վերահսկվող ալիքների, Ռուսաստանի հետ կապված մեդիա էկոհամակարգն ավելի ֆրագմենտացված է:

Մեր մեդիա էկոհամակարգում առկա է նաև չինական որոշակի ազդեցություն: Չինաստանի դեսպանատունը ֆինանսավորում է Ռուսաստանի հետ կապված որոշ հեռուստաալիքների հաղորդումներ, սակայն չինական ազդեցությունը նույնպես ավելի քիչ տեսանելի է մյուս դերակատարների համեմատ: Իսկ անցյալ տարվա ընթացքում շատ ակտիվացել էր Իրանի դեսպանատունը։ Դեսպանն, ի պատասխան այն քննադատության, թե Վրաստանի իշխանությունն աջակցում է տեղական իրանական կրոնական խմբերին, անձամբ օգտագործում էր Facebook-յան էջը լսարանի հետ վրացերենով և պարսկերենով հաղորդակցվելու համար:

Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպայի Միության և ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Տեսանյութի բովանդակության պատասխանատվությունը միայն «Ռեգիոն» հետազոտական կենտրոնինն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպայի Միության և GMF TF -ի կարծիքը։

F

©2001-2026
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։