Լեհաստանում հանրային դիսկուրսը մեծապես ձևավորվում է առցանց գործիքների միջոցով
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Թվային դեմոկրատիայի դիտորդ» (CEE Digital Democracy Watch) կազմակերպության հիմնադիր ՅԱԿՈՒԲ ՇԻՄԻԿԻ հետ այս հարցազրույցը Լեհաստանում սոցցանցերի տարածվածության, հանրության հետ հաղորդակցվելու համար դրանց գործիքայնացման և այլ պրակտիկաների մասին է։
Այս հարցազրույցը շարունակում է տարբեր երկրներում սոցցանցերի դերակատարման մասին մեր՝ «Ռեգիոն» կենտրոնի նախաձեռնած՝ այդ թեմայով տարբեր երկրների մասնագետների հետ զրույցների շարքը։
- Սոցիալական մեդիայի ո՞ր հարթակներից են բոլորից շատ օգտվում Լեհաստանի բնակիչները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:
Յ. Շ. - Լեհաստանում ամենաշատ օգտագործվող սոցցանցերն են Facebook-ը, Instagram-ը, TikTok-ը և YouTube-ը: Այս հարթակները Լեհաստանում 15-20 մլն օգտատեր ունեն և ընդգրկվածության ցուցանիշով միանշանակ առաջատար են:
Հետաքրքիրն այն է, որ տեսանյութերի վրա հիմնված հարթակներում (ինչպիսին, օրինակ, TikTok-ն է) անցկացրած միջին ժամանակի ցուցանիշներն ամենաբարձրն են: Եթե անգամ նման հարթակներում այդքան շատ օգտատերեր չկան, ինչպես ուրիշ հարթակներում է, մեկ ամսվա ընթացքում մեկ օգտատերը միջինում բավական շատ ժամանակ է անցկացնում (մինչեւ 20-25 ժամ, մեկ ամբողջ օր)։
Բայց սա դեռ ամենը չէ: X –ը (նախկին Twitter-ը - խմբ.) նույնպես շատ հայտնի է Լեհաստանում: Այն շուրջ 8 միլիոն օգտատեր ունի։ Ոչ բոլոր երկրներում կա Twitter-ի նման մեծ ներկայացվածություն:
Չենք կարող նաեւ անտեսել այն փաստը, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են որպես սոցցանցեր օգտագործում չաթ-հավելվածները: Դրանք Telegram-ն ու Signal-ն են, փակ խմբերը: Միևնույն ժամանակ տեսնում ենք ԱԲ չաթբոտերի և ԱԲ-միջնորդավորված այլ գործիքների կիրառման մեծ աճ։ Դրանք բոլորը սոցցանցեր չեն, բայց իրապես ազդում են Լեհաստանի տեղեկատվական միջավայրի վրա։
- Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդական մեդիա՞ն (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցային ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում (ընտրություններ, քաղաքական եւ այլ ճգնաժամեր) տեղեկատվություն տարածելիս:
Յ. Շ. - Կարծում եմ՝ հանրային հաղորդակցության ծանրակշիռ մասն անկասկած տեղափոխվում է դեպի առցանց տիրույթ։ Անշուշտ, ավանդական լրատվամիջոցները դեռ բավական հանրաճանաչ են, սակայն նկատվում է դրանց օգտագործման շարունակական նվազում՝ զուգորդված այլընտրանքային լրատվամիջոցների, սոցցանցերի և օնլայն հարթակների վերելքով։
Եվ սա տեսանելի է նաև ընտրություններում։ 2025 թ. մեր նախագահական ընտրություններում ունեինք թեկնածուներ, որոնք սոցցանցային հայտնի դեմքեր էին։ Նրանց հաջողվեց քննարկումներն ուղղել դեպի բազմաթիվ հարցեր և ընտրությունների եզրափակիչ փուլում, օրինակ, հասնել երկու թեկնածուների մասնակցությամբ աշխարհում ամենաշատ դիտումներն արձանագրած ուղիղ հեռարձակման։ Այսպիսով, այստեղ Լեհաստանում մենք ականատեսն ենք քաղաքական հաղորդակցության այս նոր տեսակի ակտիվ տարածման։
Եվ սա վերաբերում է ոչ միայն թեկնածուներին, այլև ավելի լայն քաղաքական շրջանակին։ Մենք կարող ենք հավաստել, որ ամսական կտրվածքով Լեհաստանում քաղգործիչները հրապարակում են 60.000-80.000 սոցցանցային հրապարակումներ են անում։ Եվ խոսքը պատգամավորների (ստորին պալատի՝ Սեյմի անդամներ - խմբ.) ու սենատորների (վերին պալատի՝ Սենատի անդամներ - խմբ.) մասին է։
Սա բավական մեծ ծավալի բովանդակություն է։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք ավելի փոքր մեդիա հարթակների՝ YouTube-յան ալիքների, Spotify-ի փոդքասթերի աճ։ Քաղաքական ազդեցության առումով այս տիրույթն ավելի ու ավելի մեծ կշիռ է ձեռք բերում։
- Իսկ պաշտոնյանե՞րը, արդյո՞ք կառավարությունը շփվում է հասարակության հետ սոցիալական ցանցերի միջոցով։
Յ. Շ. - Այո՛։ Եվ սա մի բան է, որն ավելի ու ավելի վիճահարույց է դառնում․ ինչպե՞ս որպես կառավարություն ակտիվ հաղորդակցվել հանրության հետ, եթե այդ հաղորդակցության համար գործի դրված հարթակը քո տիրապետության տակ չէ։ Այնպես որ, այո՛, հաղորդակցվելու համար կառավարությունն օգտագործում է Twitter-ը, պաշտոնական կայքէջերը, կազմակերպում է այդ նոր տեսակի մեդիայում կիրառելի բազմաթիվ գովազդային արշավներ։
Բայց միևնույն ժամանակ, ավելի ու ավելի շատ են քննարկումները, թե արդյո՞ք սա նման տեղեկատվություն փոխանցելու հուսալի եղանակ է։ Եթե դու քաղաքացի ես և չես կարողանում հասանելիություն ունենալ հանրային հաղորդակցությանը, որովհետև կոնկրետ սոցցանցի օգտատեր չես, արդյո՞ք սա տեղեկատվության լիարժեք և պատշաճ հասանելիություն է։ Եթե ճգնաժամային իրավիճակ է, և տեղեկատվությունը տարածվում է մի հարթակում, որը միջնորդավորվում է ալգորիթմներով, արդյո՞ք դա հաղորդակցման արդյունավետ եղանակ է։ Թե՞ կառավարությունը պետք է ունենա քաղաքացու հետ հաղորդակցման սեփական խողովակները։
- Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:
Յ. Շ. - Քաղաքական գործիչներն անկասկած շատ ակտիվ են օգտագործում սոցցանցերը։ Եվ մենք տեսնում ենք Եվրոպական խորհրդարանում, Լեհաստանի խորհրդարանում ելույթներից կարճ տեսանյութերի տարածման բազմաթիվ մարտավարություններ, ինչը շատ հայտնի է դարձնում օնլայն տիրույթում և այդ եղանակով մեծ ժողովրդականություն բերում։
Քաղաքացիական հասարակությունը նույնպես օգտագործում է սոցցանցերը։ Լեհաստանում, վերջին տասնամյակում, մենք ունեցել ենք խոշոր հասարակական շարժումներ, որոնք հիմնականում օնլայն են կազմակերպվել։ Խոսքը վերարտադրողական իրավունքների շուրջ խոշոր բողոքի ակցիաների մասին է։ Մարդկանց փողոց դուրս բերելու համար ՀԿ-ներն անկասկած օգտվում են օնլայն միջոցներից։ Այնպես որ, կասեի, որ հանրային դիսկուրսը մեծապես ձևավորվում է առցանց գործիքների միջոցով։
Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք որոշակի ոչ պարզ պատկեր, որովհետև օնլայն տիրույթում այնքան շատ կա արհեստականորեն համակարգված վարքագիծ։ Այն միշտ չէ, որ մեզ հստակ պատկերացում է տալիս, թե արդյոք անանուն օգտահաշիվներում մեր տեսածը քաղաքացու արտահայտած իրակա՞ն քաղաքական կարծիք է, թե՞ դա համակարգված ջանքերի արդյունք է, կամ գուցե բոտերի ցանց է, կամ էլ ավտոմատացված տարածման մեկ այլ եղանակ։
- Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:
Յ. Շ.- Սա արդիական է։ ԵՄ այլ երկրների համեմատ՝ Լեհաստանը զգալիորեն առաջ է ինչպես օտարերկրյա տեղեկատվական միջամտության հետ առերեսվելու, այնպես էլ այդ FIMI-ի դեմ պայքարի առումով։ Ինչ վերաբերում է փորձառությանը, ապա վերջին մի քանի տարիների ընթացքում շատ հաճախ ենք եղել այն բանի ականատեսը, երբ ծայրահեղական գաղափարներ են տարածվում օնլայն ցածրարժեք աղբյուրներում, իսկ հետո դրանք դանդաղ հայտնվում են քաղաքական քննարկումների առանցքում։ Մենք տեսնում ենք նաև, թե ինչպես են որոշ տեսակետներ արհեստականորեն հզորացվում։
Նկատելի է նաեւ, որ առցանց տիրույթում ամենամեծ ներգրավվածությունն ապահովում են ապատեղեկատվական նարատիվները (և մենք ունենք դա հաստատող տվյալներ), որոնք կապված են ԵՄ կլիմայի բնագավառում վարած քաղաքականության, ԼԳԲՏ համայնքի, փախստականների թեմաների հետ։ Սա մի բան է, ինչն անկեղծորեն, չեմ կարծում, թե առկա է հասարակության ամենօրյա զրույցներում, սակայն նման տպավորություն ես ստանում օնլայն տիրույթին հետեւելով։
FIMI-ի փորձերը կրկնապատկվում են ճգնաժամային իրավիճակներում։ Լինեն դրանք ընտրություններ, թե, օրինակ, Լեհաստանի օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերի հետ կապված իրավիճակ։ Հենց նման դեպքերում են համակարգված ապատեղեկատվության փորձերը հասնում իրենց գագաթնակետին։
Ինչ վերաբերում է սոցցանցերին և ԱԲ չաթբոտային հարթակներին, ապա տեսնում ենք դրանց որոշակի ակտիվություն նման իրավիճակները կառավարելիս։ Օրինակ, TikTok-ի ամսական հաշվետվությունները վկայում են այս կարգի գլոբալ սպառնալիքները կառավարելու մասին։ Տեսանելի են նաեւ օրինակները, թե ինչպես է հենց այս հարթակը հեռացնում հազարավոր ու նույնիսկ միլիոնավոր լայքեր կամ համակարգված օգտահաշիվներ։
Եթե ուսումնասիրեք ԱԲ խոշոր լեզվական մոդելների (LLM) և ԱԲ չաթբոտերի սպառնալիքների վերաբերյալ հաշվետվությունները, ապա կտեսնեք նաև ավտորիտար երկրների փորձերը՝ այս հարթակի կիրառմամբ ֆոտոներ, տեսանյութեր, մեմեր գեներացնելու և ավտոմատացված կերպով ներբեռնելու փորձերը։ Բայց այս ամենը դեռ ծովում մի կաթիլ է։
TikTok-ը շատ բան է անում այս առումով և հայտնում է այս մասին, բայց միևնույն ժամանակ այս սոցցանցը հետաքննվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Ռումինիայի ընտրական ֆիասկոյի պատճառով։ Այնպես որ, անկասկած, բազմաթիվ քայլեր են ձեռնարկում պետությունները, սոցցանցերը և օգտատերերը։
Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպայի Միության և ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Տեսանյութի բովանդակության պատասխանատվությունը միայն «Ռեգիոն» հետազոտական կենտրոնինն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպայի Միության և GMF TF -ի կարծիքը։


+37410 563363
Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան