Առցանց լինելն ու մտքիդ եկածն անմիջապես գրելը միշտ չէ, որ լավագույն տարբերակն է
Այսպես ասաց մեզ հետ հարցազրույցում ռումինացի մասնագետ, Բուխարեստի համալսարանի Լրագրության եւ հաղորդակցության ֆակուլտետի դասախոս ՌԱԼՈՒԿԱ ՌԱԴՈՒՆ, որը պատմեց Ռումինիայում տարբեր խմբերի կողմից սոցցանցերի կիրառման, տարբեր իրավիճակներում սոցցանցերի ունեցած դերակատարման եւ այլ հարակից իրողությունների մասին։
- Ո՞ր սոցցանցերից են ամենաշատն օգտվում Ռումինիայի բնակիչները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:
Ռ.Ռ. – Պատմականորեն մենք շատ կապված ենք Facebook-ին, որովհետև Facebook-ում կարող էիր շատ երկար տեքստեր գրել: Գիտեմ, որ Արևմտյան Եվրոպայում շատ կապված են նախկին Twitter-ին (ներկայումս՝ X), բայց մեզ՝ ռումինացիներիս, դուր չէր գալիս փաստը, որ այնտեղ փոքրածավալ նյութեր է պետք գրել, ուստի անցանք Facebook: Հիմա Facebook-ը ավագ տարիքի օգտագերերի ցանց է, իսկ իմ ուսանողների նման ավելի երիտասարդ սերունդը գնում է Instagram և TikTok:
TikTok-ը վերելք է ապրում արդեն մի քանի տարի: Հիմա ոչ միայն երիտասարդները, այլեւ կարծես բոլոր տարիքային խմբերն են օգտվում TikTok-ից. տվյալները վկայում են, որ թերևս Ռումինիայի բնակչության կեսից ավելին օգտահաշիվ ունի TikTok-ում։
Եվս մեկ վերելք ապրող բան կա, բայց որն իրականում սոցցանց չէ: Արհեստական բանականության կիրառումն է աճում։ Շեշտակի զարգանում են Gemini-ն եւ ChatGPT-ին, և որոշ մարդիկ նույնիսկ օգտվում են այդ հարթակներից որպես տեղեկատվության ստացման հիմնական աղբյուր: Մենք սա տեսել ենք հետազոտական տվյալներում, թվային նորությունների մասին ամենամյա զեկույցներում, որոնց մեջ ներառված է նաեւ Ռումինիան։ Տեսանելի է, որ ԱԲ-ն ժողովրդականություն է ձեռք բերում առաջին հերթին երիտասարդների շրջանում, բայց կարծում եմ՝ մեկ-երկու տարի հետո նաեւ այլ տարիքային խմբերի շատ ներակայացուցիչներ նույնպես դիմելու են ChatGPT-ին կամ Gemini-ին ամենատարբեր հարցերով:
- Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդական մեդիա՞ն (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցային ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում (ընտրություններ, քաղաքական եւ այլ ճգնաժամեր) կամ հրատապ լուրեր տարածելիս:
Ռ.Ռ.- Դարձյալ ըստ տվյալների՝ Ռումինիայում լրատվամիջոցները շատ կարևոր են, բայց դեռ կարևոր են, որովհետև խմբագրությունները հասկացել են, որ իրենց լսարանը շարժվում է օֆլայնից դեպի օնլայն։ Հիմնական ԶԼՄ-ները նույնպես օնլայն տիրույթում են. նրանք Facebook-ում են, բայց ներկա են նաեւ TikTok-ում և Instagram-ում:
Instagram-ում ԶԼՄ-ներ կան, որոնք բովանդակություն են ստեղծում միայն Instagram-ի, և բացառապես երիտասարդ սերնդի համար։ Ես ունեմ ուսանողներ, որոնք ասում են, թե տեղյակ են շուրջը կատարվող բաներից Instagram-ի շնորհիվ, այսինքն՝ շնորհիվ այդ նոր լրատվամիջոցների, որոնք Instagram-ն օգտագործում են որպես հիմնական հաղորդակցական ալիք։ Կարճ ասած, տեղեկատվության հիմնական աղբյուրը սոցցանցերն են, այստեղից են մարդիկ նախընտրում անցնել նախկին տպագիր մամուլի առցանց կայք, կամ՝ YouTube, ԶԼՄ-ի կայք ամբողջական հեռուստահաղորդում դիտելու:
Անցնելով ձեր հարցի երկրորդ մասին՝ հիմա բոլորն են օգտվում սոցցանցերից որոշակի լսարանների հասնելու համար, եւ հատկապես ընտրական փուլերում: Մեր վերջին ընտրությունների ժամանակ նախագահի որոշ թեկնածուներ ստիպում էին իրենք իրենց լինել TikTok-ում և այս սոցցանցի համար բովանդակություն պատրաստել: Դա շատ տարօրինակ էր, անբնական, քանի որ եթե օրգանիկ չես TikTok-ում կամ՝ եթե երկար ժամանակ չես օգտագործել այն, ապա բովանդակությունը շատ տարօրինակ է ստացվում:
Սա՝ մի կողմից: Մյուս կողմն այն է, որ սուր իրավիճակներում ճգնաժամային կառավարման թիմերը մարդկանց խորհուրդ են տալիս օգտվել սոցցանցերից: Որոշ դեպքերում դա կարող է շատ լավ ընտրություն լինել: Օրինակ, մենք ունեցանք դրոնի հետ կապված միջադեպ: Ռուսաստանից մի դրոն էր հասել Ռումինիա, հարվածել էր բնակելի շենքին, մտել բնակարան՝ վիրավորելով այնտեղ քնած մորն ու երեխային: Բոլորը հարցեր էին բարձրացնում. ի՞նչ է պատահել, ինչո՞ւ դրոնը չխոցվեց, ո՞ւմ դրոնն էր այն, ինչպե՞ս պատահեց, որ մտավ Ռումինիա: Քննարկում ծավալվեց, թե ինչպես պետք է հասկանալ դրոնն ուկրաինակա՞ն էր, թե՞ ռուսական, որովհետև եւ ուկրաինացիները, ու ռուսները դրոն են կիրառում:
Ապացույցները դրոնի տարբեր մասերն էին տարբեր նշումներով, սերիական համարներով։ Ճնշում կար պահանջով ցույց տալ այդ ապացույցները, եւ Ռումինիայի Ազգային պաշտպանության նախախարության ու նախագահի վարչության հետ կապված ճգնաժամային կառավարման խմբերը որոշեցին, որ նախագահը պետք է ներկայացնի ապացույցները՝ հրապարակելով դրանք Facebook-յան իր էջում։ Դա լավ որոշում էր, քանի որ յուրաքանյուրը կարող էր տեսնել այդ ապացույցները, կարդալ տեքստը։ Ամեն ինչ այդքան ուռճացված չէր, ինչպես հեռուստատեսային հրատապ հայտարարությունների ժամանակ է լինում։ Իհարկե բոլոր խմբագրությունները տարածեցին այդ տեղեկատվությունը հղումով, որ յուրաքանչյուրը տեսնի փաստերն իր աչքերով եւ ցանկության դեպքում մեկնաբանություն գրի։ Կարծում եմ նման ճգնաժամերի համար սա սոցցանցերի կիրառման հաջողված օրինակ էր։
- Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:
Ռ.Ռ.- Կարծում եմ՝ քաղաքական գործիչներն են սոցցանցերի հիմնական օգտատերերը, բայցեւ սովորական քաղաքացիներն են սոցցանցերի ակտիվ սպառողներ: Սա այնքան էլ լավ չի անդրադառնում քաղգործիչների (վարկանիշի – խմբ.) վրա, քանի որ դու կարող ես նրանց մասին մտածել, թե շատ խելացի, խիզախ մարդիկ են, բայց երբ տեսնում ես, թե ինչպես են գրում (սոցցանցերում - խմբ.), ինչ կարծիք ունեն տարբեր թեմաների շուրջ, ինչպես են շփվում իրենց գրառումները մեկնաբանող մարդկանց հետ կամ ինչպես են արգելափակում նրանց, հասկանում ես, թե ինչպիսին են նրանք իրականում: Այնպես որ, առցանց լինելն ու մտքիդ եկածն անմիջապես գրելը միշտ չէ, որ լավագույն տարբերակն է։ Հիմա վիճակն այնպիսին է, որ բոլորն են զգում սոցցանցերում լինելու պարտադրանքը:
- Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:
Ռ.Ռ.- Երբեմն հաղորդակցական ճգնաժամի պայմաններում շատ դժվար է ապացուցել օտարերկրյա միջամտության առկայությունը, քանի որ չունես բոլոր տվյալները, բոլոր հետքերը, չգիտես, թե ինչը որտեղից է սկսվել: Դու պարզապես տեսնում ես, թե ինչպես է իրավիճակն ուռճացվելով հասնում անպատկերացնելի չափերի, և երբեմն կարծում ես, թե դա պարզապես մենք ենք՝ սովորական ռումինացիներս, որ քննարկում ենք հարցեր ու որոշ բաներ չենք հասկանում: Բայց երբեմն էլ ակնհայտ է լինում, որ մեկ ուրիշն է իր մեծ գումարներով մարդկանց մղում է այս կամ այն ուղղությամբ: Երկու օրինակ բերեմ:
Անցյած հանգստյան օրերին Դանուբի դելտայում, որտեղ սովորաբար անցկացվում է ռումինական ավանդական կերակրատեսակների փառատոն, բազմաթիվ մարդիկ էին եկել հերթական փառատոնին։ Բայց այս տարվա փառատոնը տեղի չունեցավ, քանի որ քաղաքի ղեկավարությունը որոշել էր գումար չունենալու պատճառով փառատոն չկազմակերպել։ Այնուամենայնիվ հարյուրից ավելի մարդ էր հավաքվել փառատոնի համար։ Արհեստական բանականությանն ու սոցցանցերում հարցրել էին, ստացել էին պատասխան թե փառատոնն ընթանում է: Սա օտարերկրյա միջամտություն չէ, այլ այն բանի արդյունք է, որ մարդիկ չեն ստուգել տեղեկատվությունը և հավատացել են ցանցում եղածին։ Մարդիկ հաստատ չգիտեն այդ տեղեկատվության աղբյուրի մասին, չգիտեն, թե ինչպես պետք է ստուգել դրա իսկությունը: Զարմանալին այն էր, որ նույնիսկ զբոսաշրջային գործակալություններն էին մարդկանց հասցրել «փառատոնի վայրը»։
Մենք իրարանցում առաջացրինք 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ մի թեկնածու, որի օգտին սկզբում ոչ ոք իրոք չէր ցանկանում քվեարկել, երկու շաբաթից էլ պակաս ժամանակի ընթացքում երկրորդ տեղն անցավ։ Հետո նաեւ թվային ոլորտի վերլուծաբանները փորձում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել առցանց տիրույթում։ TikTok-ում հայտնաբերեցին, որ միաժամանակ բազմաթիվ օգտահաշիվներից մեծ քանակի մեկնաբանություններ են եղել, որոնցով առաջ է մղվել այս թեկնածուն: Դու չես կարող իրականացնել նման բան առանց մեծ գումարների, մինչդեռ այս թեկնածուն հայտարարում էր, թե ոչ մի գումար չի օգտագործում իր արշավի համար, իսկ իր անձի հետ կապված ամբողջ աղմուկը օրգանիկ է: Չեմ կարծում, թե սովորական ռումինացիներն էին քննարկում այս թեկնածուին, այլ դա ուներ օտարերկրյա միջամտության հետքեր: Երբեմն կարելի է տեսնել տարօրինակ բաներ, օրինակ՝ մարդկանց, որոնք իրենց ուղղափառ են հայտարարում (մենք մեծամասամբ ուղղափառ երկիր ենք) եւ խոսում են ռումինական քաղաքականության մեջ կատարվող բաների մասին, Աստծո մասին, ներկայանում են տարեց կնոջ նկարներով, բայց որպես իրենց գտնվելու վայր նրանց օգտահաշիվներում նշվում է Չինաստանի որևէ շրջան:
Մարդիկ չեն ստուգում ամեն ինչ, օգտահաշվից օգտահաշիվ չեն գնում, այլ տեսնում են ընթացքող քննարկում եւ մնում են այնտեղ, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Եվ դա այն պատճառով, որ սոցցանցերը մենք օգտագործում ենք զվարճանքի, ժամանակ անցկացնելու համար, ինչն անդրադառնում է մեր որոշումներ կայացնելու ձեւի վրա։
Իմ կարծիքով արտաքին միջամտության հետքեր գտնելու առաջին քայլը կարող է լինել այնպիսի բաների փնտրտուքը, որոնք մեկ ընդհանուր պատկերի մեջ չեն տեղավորվում եւ որոնք հնարավոր չէ բացատրել նորմալ տրամաբանության տեսանկյունից։
Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպայի Միության և ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Տեսանյութի բովանդակության պատասխանատվությունը միայն «Ռեգիոն» հետազոտական կենտրոնինն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպայի Միության և GMF TF -ի կարծիքը։


+37410 563363
Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան