Թուրքիայում անկախ ձայն դառնալն ավելի դժվար է դարձել, ամեն օր բազմաթիվ օգտահաշիվներ են արգելափակվում

Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս ԷՐԿԱՆ ՍԱԿԱՅԻ հետ հարցազրույցում ներկայացվում են տարբեր սոցցանցերի օգտագործման դրդապատճառերն ու ժողովրդագրությունը, Թուրքիայի իշխանությունների`հանրային հարթակների վերահսկողության եւ դրա արդյունքում ներքին եւ արտաքին ազդեցությունների հնարավորությունները։

- Սոցիալական մեդիայի ո՞ր հարթակներից են բոլորից շատ օգտվում Թուրքիայի բնակիչները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:

Է.Ս. - Միշտ էլ կան վիճակագրական տվյալներ, և կարող եք հեշտությամբ գտնել, (սոցցանցերի - խմբ.) օգտագործման ցուցանիշները: Բայց երբեմն դրանցից դժվար է իրական իմաստ քաղելը: Նկատի ունեմ, այո, օգտագործման առումով Facebook-ը դեռևս առաջին տեղում է, հետո՝ Instagram-ը կամ WhatsApp-ը։

Բայց երբեմն կարևոր է նաև ծանոթանալ ժողովրդագրական տվյալներին: Facebook-ը, հատկապես ավագ սերունդների համար, շատ օգտակար է և ազդեցիկ: Նորությունների մեծ մասը շրջանառվում է Facebook-յան խմբերի միջոցով: Բայց նույնիսկ ավագ սերնդից այժմ տեղափոխվում են WhatsApp-յան խմբեր: Այնպես որ, թեև WhatsApp-ը նախկինում չէր հաշվառվում սոցիալական հարթակների շարքում, բայց որոշակի գործառույթներ է ձեռքբերել և ինչ-որ չափով հարթակ է դառնում: Հատկապես խմբերի գործառույթն է վճռորոշ:

Կարծում եմ՝ բոլորն էլ Instagram-ում են, բայց Instagram-ի հնարավորությունները միշտ չեն նպաստում նրա՝ որպես սոցիալական հարթակ գործելուն: Չնայած դրան հատկապես մեծ իրադարձությունների ժամանակ Instagram-ը հասանելի է: Այն երբեք Facebook-ի, WhatsApp-յան խմբերի կամ Twitter-ի չափ քաղաքականացված չէ, բայց միևնույն է, առկա է:

Հետաքրքիր է, որ TikTok-ը մեծ նշանակություն ունի: Ոչ անխտիր բոլորի համար, բայց ես, օրինակ, TikTok-ից ևս կարող եմ բազմաթիվ «հում» լրագրողական տեղեկատվություն ստանալ: Այն միայն կարծիք ձևավորողների համար չէ։ Հատկապես մեծ իրադարձությունից (արտակարգ իրավիճակ, երկրաշարժ եւ այլն) հետո մարդիկ լուսանկարներ, տեսանյութեր են տեղադրում:  Եվ ալգորիթմների շնորհիվ, երբեմն առանց շատ հետևորդների առկայության կոնտենտը կարող է վիրուսային մեծ հասանելիություն ունենալ: Այս պատճառով հասարակության որոշ հատվածներ TikTok են օգտագործում:

Չեմ կարծում, թե այն օգտագործման գագաթնակետին է, բայց որոշ շրջանակներում արդյունավետ է մնում: Նկատի ունեմ այն, որ կարծիք ձեւավորողների կամ մեծաքանակ հետևորդներ ունեցող օգտատերերի մեծ մասն առաջ խոշոր քաղաքներում էին: Բայց TikTok-ն ունի այլ ժողովրդագրություն. առաջին անգամ այն կարողացավ թափանցել ուրիշ քաղաքներ, գյուղեր, բանվորական եւ այլ միջավայրեր:

Այդ առումով TikTok-ը որոշակի դեր է խաղում:

Քաղաքաբնակ ավելի կրթված երիտասարդների շրջանում այժմ տարածում է գտնում Reddit-ը: Սա հին հարթակ է, բայց երբեք իրականում տարածված չի եղել Թուրքիայում, միգուցե այն պատճառով, որ աստեղ արդեն կար տեղական համարժեքը։

Չգիտեմ արդյո՞ք տեղյակ եք այդ չաթի (Ekşi Sözlük - «Էքշի Սյոզլյուկ», որը թարգմանաբար նշանակում է «Թթու բառարան» - խմբ.) մասին։ Այն այնքան մասշտաբային և ազդեցիկ հարթակ էր, որ մարդիկ ուշադրություն չէին դարձնում Reddit-ին: Բայց քանի որ այժմ Ekşi Sözlük-ը կորցնում է իր ժողովրդականությունը, ենթարկվում է կառավարության կոշտ վերահսկողությանը, մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում Reddit-ի նկատմամբ:

- Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդական մեդիա՞ն (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցային ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում (ընտրություններ, քաղաքական եւ այլ ճգնաժամեր) տեղեկատվություն տարածելիս:

Է. Ս. - Ավանդական մեդիան էլ որոշակիորեն ինտեգրված է սոցցանցերում: Այնպես որ, նույնիսկ դժվար է հստակ տարանջատելը: Բայց ես կասեի, որ մարդկանց մեծ մասը նորություններն ստանում է սոցցանցերի միջոցով՝ այս կամ այն հարթակում:

Ես չէի հիշատակել X-ը (Twitter-ը), որն իրապես կորցրեց իր ազդեցության մեծ մասը Իլոն Մասկի՝ այն ձեռքբերելուց հետո: Բայց միևնույն է, արտակարգ իրավիճակներում Twitter-ը նունյպես կարող է օգտագործվել, և այն օգտագործվում է: Հետաքրքիրն այն է, որ մի տեսակ միաձուլում է տեղի ունենում։ Ո՞ւմ եմ հետևում Twitter-ում. հետևում եմ որոշ լրագրողների, որոնք նաև ձգտում են աշխատել ավանդական ԶԼՄ-ներում, նրանցից ոմանք կորցրել են իրենց աշխատանքը, ոմանք՝ ոչ:

Ամեն դեպքում, հիմա լրատվության առումով լրագրողները կշիռ են ձեռք բերում սոցցանցային հարթակներում: Իհարկե, կան նաև այսպես ասած՝ սովորական քաղաքացիներ: Նրանցից ոմանք կարող են դառնալ կարծիք ձևավորողներ:

Մի քանի տարի առաջ դա ավելի հեշտ էր։ Հիմա շատ խստորեն է վերահսկվում: Այնպես որ, անկախ ձայն դառնալն ավելի դժվար է դարձել, ամեն օր բազմաթիվ օգտահաշիվներ են արգելափակվում։ 

Ըստ ամենայնի սոցցանցերն առաջվա պես իրական ուժ ունեն: Մարդիկ անանուն օգտահաշիվներ են բացում։ Սոցցանցային հարթակները ենթարկվում են կառավարության ճնշումներին: Բայց միևնույն է, մնում է մի տարածք, որը կարող է կարևոր լինել:

Մյուս կողմից խոշոր հեռուստաալիքները նույնպես որոշակի դեր են խաղում: Հասկանալի է, որ համաճարակի ժամանակ, երբ մարդիկ տանն էին, ըստ էության դեռևս նորություններ էին դիտում: Իրոք չեմ տեսել լավ հետազոտություն, որը կհամեմատեր այս միջոցները: Սակայն հիմնվելով որոշ դիտարկումների վրա՝ կարող եմ ասել, որ խոշոր քաղաքներից դուրս բնակավայրերում ավանդական մեդիան որոշ չափով դեռևս դերակատարում ունի քաղաքական կամ ընթացիկ օրակարգի ձևավորման գործում։ Սակայն վերջնահաշվում, սոցցանցերն ավելի հզոր են:

- Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:

Է.Ս. - Կարծում եմ, ըստ էության, բոլորը: Ոմանք կարողանում են դա ավելի լավ անել: Քաղհասարակությունը նախաձեռնություն ցուցաբերեց: Բայց խիստ կանոնակարգերի և գրաքննության պատճառով նրա դերը որոշակիորեն նվազեց:

Ի սկզբանե իշխող կուսակցությունը նույնպես նշանակալի միջոցեր է ներդրել սոցցանցերում: Նկատի ունեմ ոչ միայն տրոլինգը, այլ պաշտոնական մակարդակը. օրինակ՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը միշտ եղել է այն ուժը, որը մեծ գումարներ է ներդրել սոցցանցերում: Երբ հիմա նայում եմ վերջին 20 տարիներին, հասկանում եմ, որ այդ առումով նրանք գիտեին դրանց ուժի մասին:

Բայց անկախ նորությունների գեներացման, կարծիքների առաջնորդության և այլ տեսանկյունից, սկզբում քաղաքացիական հասարակությունն ավելի մեծ առավելություն ուներ: Հիմա, իմ կարծիքով, իրավիճակը մոտավորապես հավասարազոր է: Ճնշումների, հարթակների կանոնակարգման պատճառով մարդիկ շատ զգույշ են իրենց պահում: Նրանք իսկապես չեն ուզում զայրացնել կառավարությանը:

Բացի այդ, իհարկե, ակտիվ լինելը չի նշանակում շատ արդյունավետ լինել: Չնայած ներդրումներին, քաղաքական առաջնորդների մեծ մասն իրականում շատ արդյունավետ չի օգտագործում սոցցանցերը: Երբեմն նրանց սոցցանցային նյութերը ավանդական մեդիային բնորոշ կոնտենտների նման են: Այնպես որ, նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն այնքան էլ հաջողակ չեն եղել այդ առումով:

Կարծում եմ՝ Իմամօղլին (Էքրեմ Իմամօղլին, Ստամբուլի նախկին քաղաքապետն է, որին համարում էին Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը – խմբ.) դա ավելի լավ էր անում, բայց հիմա նա բանտում է:

- Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:

Է.Ս. - Սա բարդ հարց է: Եղել են որոշ նյութեր այսպես ասած ռուսական միջամտությունների մասին: Կան վավերագրված դեպքեր այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը միջամտել ԱՄՆ ընտրություններին կամ ԵՄ որոշ ընտրություններին: Որքանով որ ես կարող էի դիտարկել, կարդալ կամ փնտրել, բայց ինձ չհաջողվեց գտնել նմանատիպ միջամտության ուղղակի ապացույցներ (Թուրքիայում):

Որոշ գիտական հետազոտությունների համաձայն, ռուսական պաշտոնական օգտահաշիվներում (ինչպիսին Sputnik TV-ն է) կա  քննադատական միտում, ասենք, գերմանական պատվաստումների հարցում: Նույնիսկ շրջանառվել են որոշ դավադրապաշտական տարրեր, իսկ հետո զգացվել է «Սպուտնիկ» պատվաստանյութի առաջմղումը: Բայց սա կարծես ուղղակի է եւ հստակ: Թուրքիայում տեղական դերակատարների կողմից չափազանց շատ քաղաքական տրոլինգ է եղել, ընդ որում, թե՛ կառավարության, թե՛ ընդդիմադիր գործիչների կողմից:

Բացի այդ, կարծում եմ, քանի որ սոցցանցերը խստորեն վերահսկվում են, արտաքին միջամտությունը սահմանափակ է: Ես կասեի, որ արտաքին միջամտությունը տեղի է ունենում բաց, այլ ոչ թե թաքնված եղանակով, և ոչ միայն ռուսական, այլև արևմտյան ռեսուրսների միջոցով։ Ինչպիսին Deutsche Welle-ն է։ Այն շատ արդյունավետ էր Թուրքիայում, ունի մեծ գրասենյակ և թուրքական մասնաճյուղ։ Նմանապես, արդյունավետ է նաև BBC Turkish-ը։ Մարդիկ շատ են օգտվում այս ռեսուրսների օգտահաշիվներից տեղեկատվություն ստանալու համար: Սրանք օտարերկրյա լրատվական գործակալություններ են, որոնք կարող են ունենալ սեփական օրակարգ և հասարակական կարծիք ձևավորել:

Հարցը ես այսպես եմ տեսնում։ Հնարավոր է Թուրքիայում վստահության արժանի ԶԼՄ-ների պակասի պատճառով թուրք օգտատերերն ավելի ու ավելի են օգտվում տարբեր արտասահմանյան աղբյուրներից, ընդհուպ մինչեւ չինականները։  Այժմ չինացիներն էլ են այստեղ: Ես տեսնում եմ նրանց թուրքական օգտահաշիվները, ինչպես նաեւ՝ ռուսական և արևմտյան աղբյուրները: Երբեմն, երբ կառավարությունը չափազանց գրգռված է, գրաքննում են նաև նրանց։

Որքան գիտեմ, Deutsche Welle-ն երկար ժամանակով արգելափակված էր Թուրքիայում։ Sputnik-ը Թուրքիայում չի արգելափակվել, կարծում եմ, Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավելի լավ հարաբերությունների պատճառով։  Բայց միշտ էլ հնարավոր է, որ եթե կառավարությունը սպառնալիք համարի, կարող է հարթակներից պահանջի ուղղակի արգելափակել ռեսուրսը:

 

Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպայի Միության և ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Տեսանյութի բովանդակության պատասխանատվությունը միայն «Ռեգիոն» հետազոտական կենտրոնինն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպայի Միության և GMF TF -ի կարծիքը։

F

©2001-2026
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։