«Ընտրություններ - 2003 և Հարավային Կովկասի ԶԼՄ-ները»

Երևան, «Ռեգիոն» հետազոտակա կենտրոն, 2004

2003 թվականի ընթացքում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը, Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտը (Թբիլիսի) և Ադրբեջանի լրագրողների պաշտպանության կոմիտեն (Բաքու) Եվրասիա հիմնադրամի SCCP ծրագրի աջակցությամբ իրականացնում էին «Հանուն Անդրկովկասում ընդհանուր տեղեկատվական միջավայրի զարգացման» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում ստեղծված «Կովկասի լրագրողների ցանց» վեբ-էջը ընդհանուր ինտերնետ-տարածք է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լրագրողների, վերլուծաբանների և հրատարակիչների համար:

«Ընտրություններ - 2003 և Հարավային Կովկասի ԶԼՄ-ները» խորագրով հավաքածուում ներկայացված նյութերը  Ցանցում  կատարված աշխատանքների մի մասն են և արտացոլում են 2003 թվականի ընթացքում տեղի ունեցած, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունները: Սրանք նյութեր են տարածաշրջանի երեք երկրներում անցած ընտրությունների և այդ ընթացքում ԶԼՄ-ների իրավիճակի մասին:

Գիրքը բաղկացած է երկու մասից:

Առաջին մասը նվիրված է ընտրություններին: Տարվա սկզբում տարածաշրջանի լրագրողների պատրաստած վերլուծական հոդվածները և 2003 թ. նոյեմբերին երեք երկրների փորձագետների մասնակցությամբ անցած ինտերնետ-կոնֆերանսը ստեղծում են սպասելիքների և ընտրություններից հետո քաղված դասերի այն ընդհանուր պատկերը, որը կարող է հատկապես հետաքրքիր լինել ընթերցողների համար: Մանավանդ, որ «Ընտրություններ Հարավային Կովկասում. ի՞նչ կլինի հետագայում» խորագրի տակ քննարկումներն ընթանում էին Վրաստանում հետընտրական իրադարձությունների օրերին և բացառիկ էին որպես հենց այդ փուլում տրվող վերլուծական գնահատականների օպերատիվ ներկայացում: Ինտերնետ-կոնֆերանսի ժամանակ լուսաբանվեցին ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը. արդյո՞ք տարածաշրջանում անցած ընտրությունները քայլ էին դեպի երկրների ժողովրդավարացումը, ինչպիսի՞ վարք դրսևորեցին իշխանությունները և ընտրազանգվածը ընտրությունների ընթացքում, ինչպե՞ս են ընկալվում ժողովրդավարական ստանդարտները մեր երկրներում և այլն:

Երկրորդ մասում տեղ են գտել «չորրորդ իշխանության» խնդիրներին, ընտրություններում նրանց դերին նվիրված նյութեր: Սրանք «Հարավային Կովկաս» ինտերնետ-ամսագրում տպագրված հոդվածներ են, նաև` տարածաշրջանի լրագրողների համար կազմակերպված «Լրագրողների դերը Հարավային Կովկասի երկրների ժողովրդավարացման և համագործակցության մեջ», «Հարավային Կովկասում անկախ լրագրության զարգացման խնդիրներ» թեմաներով ինտերնետ-կոնֆերանսների նյութեր: Մեզ մոտ ազատ լրագրողների ինստիտուտի կայացմանը, տեղեկատվության մատչելիությանը, ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացների վրա ԶԼՄ-ների ազդեցության ռեսուրսներին տրված գնահատականները յուրովի բացատրում են այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենեում Հարավային Կովկասում 2003 թվականի ընթացքում:

Գիրքը լույս է տեսել  ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Նախաբանը՝ Լ.Բաղդասարյանի
Խմբագիրներ՝ Ա. Խեչոյան, Բ. Սողիկյան
Դիզայն՝ Ս. Ֆարամազյան

F

©2001-2024
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։