Չեխիայի Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը TikTok-ը պաշտոնապես ճանաչեց որպես ռիսկ
Չեխ փորձագետ ԱԴԱՄ ԶԲԵՅՉՈՒԿԸ այս հարցազրույցում խոսում է ոչ միայն սոցցանցերի միջոցով արտաքին ազդեցությունների, այլեւ այն մասին, որ սոցցանցերում գրագետ արշավները կարող են իրական հաջողության հասցնել ընտրություններում։
- Սոցիալական մեդիայի ո՞ր հարթակներից են բոլորից շատ օգտվում Չեխիայի քաղաքացիները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:
Ա. Զ. - Չեխիայում վստահաբար առաջին տեղում Meta- ն է. Facebook-ը, Instagram-ն ու WhatsApp-ը լայնորեն օգտագործվում են ժողովրդագրական բոլոր խմբերում։ Ընդ որում՝ Facebook-ն ավելի շատ օգտագործում են բարձր տարիքի մարդիկ, այն 40 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվ մեկ սոցցանցն է։ Instagram -ը մինչեւ 40 տարեկանների թիվ մեկ սոցցանցն է։ Չնայած, որ այս առումով շատ շեղումներ էլ կան։
WhatsApp-ը թիվ մեկ չաթն է պրակտիկորեն բոլորի համար։ Կան, իհարկե, Signal-ի, Telegram-ի եւ այլ հարթակների օգտատերեր նույնպես, բայց WhatsApp ունի յուրաքանչյուրը։ Ոմանք տարբեր նպատակներով օգտագործում են նաեւ ուրիշ հարթակներ։
Ժողովրդականություն ունեն նաեւ այլ հարթակները։ Օրինակ՝ TikTok-ը, բայց այն արդեն այդքան շատ չի աճում եւ հիմնականում սահմանափակվում է երիտասարդների լսարանով։ X-ը, որը դեռ պոպուլյար է, կորցնում է իր նախկին դիրքերը։ BlueSky-ի и Mastodon-ի նման X-ի ուրիշ այլընտրանքներն օգտագործում են փոքրաթիվ մարդիկ, բառացիորեն մի քանի հոգի։ LinkedIn-ը բավական պոպուլյար է այն մարդկանց շրջանում, որոնք օգտագործում են այն մասնագիտական կապերի ու շփումների համար։ Այդ հարթակում 800 000 օգտատեր կա (Չեխիայից)։ Այնպես որ LinkedIn-ը շարունակում է աճել եւ ավելի պոպուլյար դառնալ։
Snapchat-ն ու Pinterest-ը որոշակիորեն ստվերում են գտնվում, սակայն ամսական 1 միլիոնից ավելի մարդ միեւնույն է օգտվում է այդ հարթակներից։ Սակայն, ինչպես լինում է սովորաբար, դուք կամ նստած եք Instagram-ում եւ TikTok-ում, կամ՝ նաեւ օգտագործում եք Snapchat։ Այն սովորաբար ընտրում են ավելի երիտասարդ օգտատերերը, իսկ Pinterest՝ մեծամասամբ տարբեր տարիքի կանայք, ամենաերիտասարներից սկսած մինչեւ տարեցները։ Մենք նաեւ մի բանավիճային հարթակ ունենք, որը փորձում է վերագտնել ինքն իրեն։ Lide-ը (Lide.cz.-խմբ.) հիմա շատ հաջողված հարթակ չէ։ Այն ավելի շուտ խոշոր մեդիաընկերությունների նյութերը քննարկելու տարածք է, այնպես որ դեռ պիտի տեսնենք, թե ինչպես է զարգանալու։
- Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդական մեդիա՞ն (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցային ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում (ընտրություններ, քաղաքական եւ այլ ճգնաժամեր) տեղեկատվություն տարածելիս:
Ա. Զ. - Պատասխանը միանշանակ չէ, կախված է այն բանից, թե որ տարիքային խմբերի մասին է խոսքը։ Երիտասարդները սոցցանցեր մեդիայից ավելի շատ են օգտագործում, բայց այդուհանդերձ չի կարելի թերագնահատել գլխավոր հեռուստաալիքների կարեւորությունը, լինի դա հանրային «Česká televize»-ը («Չեխական ՀԸ»), կամ խոշոր կոմերցիոն «Nova» հեռուստաընկերությունը։ Դրանք առաջվա նման շատ կարեւոր են։ Ակներեւ է տպագիր թերթերի ժողովրդականության անկումը։ Եվ կարծում եմ, որ 40 տարեկանից ցածր խմբերը թերթեր պրակտիկոներ չեն կարդում։
Բայց նրանց ԶԼՄ-ները «iDNES»-ի, «Mladá fronta DNES»-ի, ուրիշների նման խոշորագույն մեդիաընկերություններն են, որոնք հսկայական ազդեցություն են գործում։ Կան ավելի փոքր անկախ թերթեր իրենց օնլայն տարբերակներով, որոնք նույնպես կարող են կարեւոր լինել, սակայն դրանք սովորաբար նաեւ սոցցանցերն են օգտագործում։
Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա իրավիճակը նույնպես փոխվում է, եւ որոշ քաղաքական գործիչներ նույնպես ակտիվ են օգտագործում սոցցանցերը։
Մեր ներկայիս վարչապես Անդրեյ Բաբիշը «ANO» կուսակցությունից (թարգմանաբար՝ «Դժգոհ քաղաքացիների գործողություն» - խմբ.), չնայած ամենաերիտասարդների խմբին չի պատկանում, բայց շատ հմտորեն է օգտվում սոցցանցերից, եւ դա մեծ դեր խաղաց նրա հաջողության հարցում։ Բայց անցած տարվա փոփոխությունները, որոնց պատճառով Facebook-ում եւ Google-ում քաղաքական ու սոցիալական գովազդը անհասանելի դարձավ, քաղգործիչների ռազմավարությունն ու մարտավարությունը նույնպես փոխվեց, քանի որ նրանք այլեւս գովազդ տեղադրել չեն կարող։ Նրանք ստիպված են ավելի շատ հույս կապել օրգանական լսարանների եւ շուկայի վիրուսային հագեցումների հետ։ Սա իմ կարծիքով՝ իրավիճակն ավելի է բարդացնում ժողովրդավարական ուժերի համար։ Քանի որ դուք պետք է ընկնեք ծայրահեղությունների մեջ, իսկ ցանկացած ծայրահեղություն լսարաններ է մեծացնում զգացմունքների ու զայրույթի խթանման դեպքում։ Իսկ եթե ուզում եք լինել ավելի պրագմատիկ դիրքորոշման կամ հանդարտ ուղերձների ծիրում, ապա ալգորիթմերը դժվար թե ձեզ համար (լսարանի) ծածկույթ ապահովեն։ Եվ իհարկե, եթե արգելեք պաշտոնական գովազդը, ապա դա ոչ մի կերպ չի անդրադառնալու «տրոլների ֆերմաներ» օգտագործող մարդկանց վրա։ Այդ պատճառով կարծում եմ, որ թեեւ ի սկզբանե այդ կարգավորումն ընդունվել է լավագույն նկատառումներից ելնելով, սակայն, ցավոք, ցանկալի արդյունքների չի հասցրել։
- Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:
Ա. Զ. - Կարծում եմ, որ իրավիճակները շատ տարբեր են։ Եվ դա կապ ունի ոչ այնքան կուսակցությունից կուսակցություն դիտարկումների հետ, որքան կոնկրետ քաղաքական գործչի հետ։ Նրանցից ոմանք իրոք հաջողել են։ Ես հիշատակեցի վարչապետ Անդրել Բաբիշին, բայց կան նաեւ ուրիշները, օրինակ՝ ոչ համակարգային կուսակցությունների շարքերից Տոմիո Օկամուրան «SPD»-ից (ազգայնական կուսակցություն, անվանումը բառացի նշանակում է «Ազատություն եւ ուղիղ ժողովրդավարություն» - խմբ.)։ Նա մեծ հաջողության է հասել սոցցանցերում, եւ նրա համար սոցցանցերն իրոք առանցքային խողովակներ են։
Իսկ մյուս կողմից էլ կա «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» երիտասարդ գործիչ Յան Գրոլիչը։ Նա էլ վերջերս հաղթեց Սենատի ընտրություններն իր օնլայն քարոզարշավի, հատկապես Instagram-ի կիրառման շնորհիվ։ Նախքան քաղաքականությանն անցնելը նա ստենդափ կատակերգու էր, եւ հավանաբար դա նրան օգնեց հումորի միջոցով սոցցանցերի ուժը լիովին գործի դնելուն։ Դա լավ օրինակ է։
Բոլորովին վերջերս Չեխիայի Հանրապետությունում անցան տեղական ընտրությունները, եւ որոշ արդյունքներ պայմանավորված են սոցցանցերի հաջող կիրառմամբ։ «Կանաչների» կուսակցությունը, որը շատ մեծ չէ Չեխիայում, պոպուլյար դարձավ երկու խոշոր քաղաքներում՝ Պրահայում եւ Բրնոյում։ Եվ դա նույնպես կատարվեց սոցցանցերի կիրառման շնորհիվ։ Այնպես որ հարցն այն է, թե ով է ղեկավարում կոնկրետ արշավը յուրաքանչուր քաղաքում, կամ էլ այն է, որ անգամ միեւնույն կուսակցության ներսում որոշ գործիչներ ավելի շատ հույս են կապում ավանդական ԶԼՄ-ների հետ, իսկ ուրիշները խաղադրույքը դնում են սոցցանցերի վրա։ Ուստի կասեմ, որ դա նկատվում է բոլոր կուսակցություններում։ Երիտասարդ գործիչները սովորաբար սպասելիքներն ավելի շատ կապում են սոցցանցերի հետ, բայց ինչպես արդեն ասացի, մեր վարչապետն ավագ սերնդի գործչի օրինակ է, որը նույնպես բավական հաջողել է դրանում։
- Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:
Ա. Զ. - Կարծում եմ՝ այստեղ կարծիքները տարանջատվում են: Շատերն են մեղադրում հատկապես Ռուսաստանին, որ օգտագործում է «տրոլների ֆերմաներ» սոցմեդիայի միջոցով քաղաքական իրավիճակը ապակայունացնելու նպատակով: Բայց շատ քիչ են փաստաթղթավորված դեպքերը, երբ կարող ես մատնանշել և ասել. «Ահա, մենք նրանց բռնեցինք հանցանքի վայրում, և դրա ապացույցը կա»:
Մենք, անշուշտ, ունենք հաստատություններ, որոնք պետք է զբաղվեն այդ միջամտությունների բացահայտմամբ, կա՛մ BIS-ը (Անվտանգության տեղեկատվական ծառայություն –խմբ.), կա՛մ NUKIB –ը (Կիբեր և տեղեկատվական անվտանգության ազգային գործակալություն – խմբ.)։ Չեխիայի Հանրապետությունը կարծես առաջին երկրներից էր, որը TikTok-ը պաշտոնապես ճանաչեց որպես ռիսկ: Ուստի, եթե անվտանգային տեղեկատվությանը հասանելություն ունեցող մարդ եք, կամ եթե ղեկավարում եք մի ընկերություն, հաստատություն, որը կապ ունի դրա հետ, պետք է հավելյալ զգուշավորություն ունենաք, եւ, օրինակ, TikTok չներբեռնեք այն հեռախոսի մեջ, որն օգտագործում եք նաեւ անվտանգության հետ կապված տեղեկատվոիթյուն ստանալու համար։
Բայց մյուս կողմից, կարծում եմ, որ մինչեւ բոլորովին վերջերս իշխանություն ներկայացնող, իսկ հիմա ընդդիմադիր դարձած գործիչներից շատերը, նվազեցնում էին այս խնդրի նշանակությունը, իսկ հաստատությունները, որոնք պետք է կառավարությունը ստեղծեր այդ ազդեցությունները բացահայտելու եւ չեզոքացնելու համար, այդպես էլ իրապես չհաջողեցին։ Ներկայիս կառավարությունում էլ կան մարդիկ, որոնց ընդդիմախոսներից շատերը ռուսական ապատեղեկատվական շրջանակների հետ կապված անձ են համարում։
Այնպես որ, նրանք հաստատ շատ բան չեն անի այդ ազդեցությունը կասեցնելու համար: Բայց ինչպես նշեցի, շատ քիչ են փաստաթղթավորված դեպքերը, որոնց միջոցով կարող ես ապացուցել որևէ հստակ կապ: Եվ ճիշտ է, որ ինչպես և այլ երկրներում, մենք ինքներս էլ կարող ենք մեր ապատեղեկատվական ցանցերը ծավալել, ելնելով՝ կա՛մ ֆինանսական , կա՛մ քաղաքական շահից:
Եվ այն փաստը, որ ներգաղթի, Ուկրաինայի դեմ պատերազմի ու այլ թեմաներով ապատեղեկատվական արշավները, թեժ քննարկումները համընկնում են ռուսական շահերի հետ, ամենեւին չի նշանակում, թե դրանք ֆինանսավորվում են ռուսների կողմից: Դա պարզապես ձեռնտու է նրանց:
Պետք չէ ամեն ինչում տեսնել ռուսական հատուկ ծառայությունների ազդեցությունը, քանի որ, ցավոք, մենք ինքներս ենք մեզ հետ այդպես վարվում:
Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպայի Միության և ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Տեսանյութի բովանդակության պատասխանատվությունը միայն «Ռեգիոն» հետազոտական կենտրոնինն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպայի Միության և GMF TF -ի կարծիքը։


+37410 563363
Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան