Քաղաքական գործիչները մոդելավորում են տեղեկատվական միջավայրն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու
WatchDog.MD կազմակերպության ղեկավար ՎԱԼԵՐԻՈՒ ՓԱՇԱՆ մեզ հետ հարցազրույցում պատմում է, թե ինչպես են Մոլդովայում ձևավորվում տեղեկատվական պղպջակները, այդ թվում՝ քաղտեխոնոլոգիական գործողություններով:
- Ո՞ր սոցցանցերից են ամենաշատն օգտվում Մոլդովայի բնակիչները: Ի՞նչ գործոններ են նպաստում հենց այդ հարթակների ժողովրդականությանը:
Վ. Փ. - Սա շատ հետաքրքիր հարց է, որովհետև այստեղ երկու տարբեր ասպեկտ կա: Առաջինն այն է, թե քանի բնակիչ է գրանցված սոցցանցերից յուրաքանչյուրում: Եվ երկրորդ ասպեկտը՝ «ուշադրության տնտեսությունն է» (Attention Economy), մարդկանց ուշադրության համար մղվող մրցակցային միջավայրը, թե որքան ժամանակ են մարդիկ անցկացնում այդ սոցցանցերից յուրաքանչյուրում:
Եթե խոսենք օգտատերերի քանակի մասին, ապա Facebook-ն այս պահին մնում է առաջատարը (չափահաս բնակչության մոտ 65%-ն օգտվում է Facebook-ից): Այնուհետև գալիս են Instagram-ը և YouTube-ը (այս սոցցանցերից յուրաքանչյուրին բաժին է ընկնում բնակչության մոտ 40%-ը), ինչպես նաև TikTok-ը (ավելի քան 35%-ը): Տարբեր հարցումների ժամանակ հարցվածների շուրջ 25%-ը նշում է, որ օգտվում է Telegram-ից:
Բայց եթե խոսենք սպառման ծավալի մասին, ապա առաջին տեղը TikTok-ինն է: Նույնիսկ եթե այս սոցցանցի օգտատերերն ավելի քիչ են, բայց հարթակի ալգորիթմն ինքնին մշակված է այնպես, որ մարդիկ «խրվում, մնում են» այս հարթակում: Վերջին տարիներին նույն Facebook-ը (որոշ չափով նաև Instagram-ը, YouTube-ը), ըստ էության, պատճենում են նույն TikTok-ի ֆունկցիոնալը՝ կարճ տեսանյութեր, դրանք անվերջ թերթելու հնարավորություն, մարդկանց որոշակի «թեմատիկ օղակների» մեջ ներքաշում: Որովհետև, ըստ էության, տնտեսության մոդելը հիմնված է մարդկանց ուշադրությունը պահելու, այսինքն՝ թրաֆիկն ավելացնելու վրա:
Այնպես որ, վերջին երկու տարում հանրային կարծիքի վրա ազդեցության առումով TikTok-ն առաջին տեղ է անցել: Իսկ որպես տեղեկատվության աղբյուր (որտեղից մարդիկ նորություններ են ստանում) նախկինի պես առաջին տեղերում Facebook-ն ու YouTube-ն են:
Եվ սա շատ կարևոր է: Կա մի յուրահատուկ տարր, որը բնորոշ է Մոլդովային, արևմտաեվրոպական երկրներին, Հայաստանին: Դա այն մարդիկ են, որոնք կարծում են, թե TikTok-ում նորություններ կան: Հանրային կարծիքի ուսումնասիրության ժամանակ կարելի է հարցնել. «Ո՞ր սոցցանցերից եք լուրեր ստանում»: Եվ ամենուր կա բնակչության մի հատված, որը պնդում է, թե լուրը կարդացել (դիտել) է TikTok-ում: Սա անդրսահմանային ֆենոմեն է: Մարդիկ, որոնք կարծում են, թե այդ «աղբանոցում» նորություններ կան, ամենաշատն են ենթարկվում ապատեղեկատվության ազդեցությանը, ամենախոցելին են: Սա սարսափելի բան է: TikTok-ը հանրային կարծիքի վրա ապակառուցողական ազդեցության առումով զանգվածային ոչնչացման զենք է:
TikTok-ի ալգորիթմն ուղղված է տագնապայնություն սնող ամեն ինչի առաջմղմանը. սոցցանցի հիմքում ընկած է կեղծ լուրերի, տարբեր դավադրապաշտական տեսությունների և այլ աղբի առաջմղումը, որոնք ազդում են մարդկանց հոգեվիճակի վրա:
Սա չի նշանակում, թե մյուս սոցցանցերն անթերի են, բայց TikTok-ի բուն էությունը հենց հանրային կարծիքի և վարքագծի աղավաղումն է:
- Ո՞վ է ներկայումս հաղթում հանրային ուշադրության համար մրցույթում, ավանդական մեդիա՞ն (հեռուստատեսություն, մամուլ), թե՞ սոցմեդիան: Հաղորդակցային ո՞ր միջոցներն են նախընտրում ձեր երկրի կառավարությունը, ընդդիմադիր խմբերը և քաղհասարակության ներկայացուցիչները հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում (ընտրություններ, քաղաքական եւ այլ ճգնաժամեր) տեղեկատվություն տարածելիս:
Վ. Փ.- Եթե խոսենք պաշտոնական մարմինների մասին, ապա ստանդարտը հետևյալն է՝ գրառումներ անել բոլոր հնարավոր սոցցանցերում, մամուլի հաղորդագրություն տարածել կամ մամուլի ասուլիս հրավիրել՝ տեղեկատվությունը ներկայացնելու համար: Եթե խոսենք քաղհասարակության մասին (օրինակ՝ մեր կազմակերպության), ապա տարածման միայն մեկ խողովակը երբեք բավարար չի լինի:
Հասկանալի է, որ սոցցանցերի ազդեցությունը շատ ավելի մեծ է: Բայց, մյուս կողմից, մեր ավանդական ընկալումներով՝ լրատվամիջոցները նույնպես ազդում են սոցցանցային միտումների վրա: Հետևաբար, սա որոշակի բալանս է:
Եթե խոսենք Մոլդովայի ընդդիմության մասին, ապա, իհարկե, նրանց համար սոցցանցերն ու տեղեկատվական առցանց հարթակներն ամենակարևորն են: Ընդդիմության համար դրանցում մենախոսելը շատ հարմար է: Օրինակ, եթե հեռուստատեսային հաղորդում է, ապա քեզ կարող են նստեցնել ընդդիմախոսի դեմ դիմաց, և այդ ժամանակ դու պետք է հակափաստարկներ բերես, երկխոսես, բանավիճես, այլ ոչ թե պարզապես քարոզես:
Մոլդովայում արդեն տարիներ շարունակ ընդդիմադիր քաղգործիչները խուսափում են դրանից: Եթե նրանք գալիս են ավանդական մեդիա հարթակներ, ապա սովորաբար պայմանով, որ եթերում միայն իրենք են լինելու:
Եվ դա շատ վատ է, որովհետև սպանում է բանավեճի ժողովրդավարական գործընթացը, որտեղ լսարանը հնարավորություն ունի տեսնելու տարբեր կողմերի փաստարկները: Բանավեճեր սովորաբար անցկացվում են միայն ընտրական փուլերում, և դրանք վերածվում են կրկեսի: Այդ բանավեճերին հետևում են հիմնականում քաղաքականապես շատ ակտիվ քաղաքացիները, որոնք արդեն վաղուց իրենց համար որոշել են, թե «ով է լավը, ով՝ վատը»: Իսկ լայն հանրության համար, որն այդքան էլ հետաքրքրված չէ քաղաքականությամբ, նման դեբատները հնարավորություն չեն տալիս հանգելու գիտակցված որոշման: Ես տեսել եմ բանավեճերը Հայաստանում, սոցցանցերում տեսել եմ հայաստանցի օգտատերերի արձագանքները, մեկնաբանությունները. այնտեղ էլ նույնն է, դիտելն անհնարին է:
Բանավեճեր կազմակերպող հարթակների բացակայությունը (հատկապես ոչ ընտրական փուլերում) շատ վատ է: Եվ քաղգործիչները մանիպուլացնում են այս հանգամանքը: Օրինակ՝ մեր մայրաքաղաքի քաղաքապետն արդեն բազմաթիվ տարիներ քաղաքապետարանի օպերատիվ նիստերն անցկացնում է միայն առցանց ձևաչափով: Ինչո՞ւ: Որովհետև այդ նիստերին չեն մասնակցում լրագրողները. արվում են մի շարք հայտարարություններ, հնչեցվում են մամուլի հաղորդագրություններ, քաղաքական գործիչները խոսում են իրենք իրենց մասին: Եթե այդ նիստերն ընթանան օֆլայն, քաղաքապետարանում, ապա կգան լրագրողները և կսկսեն հարցեր տալ, իսկ քաղաքապետը հարցերին երբեք չի պատասխանում:
Այսպիսով, քաղգործիչները տեղեկատվական միջավայրը մոդելավորում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: Այսինքն՝ չկա այն, ինչն անվանում ենք հաշվետվողականություն, չկա հանրային շահի հաշվառում:
- Պե՞տք է, արդյոք, հասկանալ, որ ոչ ընտրական ժամանակաշրջաններում Մոլդովայի ԶԼՄ-ները բանավիճային հաղորդումներ չեն կազմակերպում:
Վ. Պ.- Ոչ, նման հաղորդումներ կան, շատ-շատ են, բայց քաղաքական առաջնորդների մեծ մասը հրաժարվում է մասնակցել նման ձևաչափերին։ Լավագույն դեպքում պատվիրակում են ավելի ցածր օղակների քաղգործիչների։ Բայց ավելի հաճախ ռուսամետ ընդդիմության ներկայացուցիչները պարզապես հրաժարվում են մասնակցել անկախ ԶԼՄ-ների կազմակերպած բանավեճերին։
Եվ սա շատ հետաքրքիր է․ նրանք ասում են՝ «Դուք բոլորդ աշխատում եք իշխանության համար, դուք պաշտպանում և առաջ եք մղում իշխանությանը», բայց միևնույն ժամանակ իրենք հրաժարվում են պատասխանել հարցերին ու գալ եթեր, կամ համաձայնում են գալ միայն այն ժամանակ, երբ ելույթ են ունենում միայնակ։
Ի՞նչ է սա նշանակում․ հասարակության՝ այդ քաղգործիչներին աջակցող հատվածը պարզապես չի հետևում այդ լրատվամիջոցներին։ Բայց եթե այնտեղ հայտնվի մի գործիչ, ում իրենք վստահում են, ապա կսկսեն դիտել հաղորդումը, կլսեն նաև մյուս կողմի փաստարկները․ դա որոշակի երկխոսություն կստեղծի։
Բուն իմաստն այն է, որ որոշակի կուսակցությանն աջակցող քաղաքացիները լսեն նաև այլ քաղգործիչների․ այդպես նրանք կարող են ձևավորել իրենց սեփական կարծիքը։ Եթե մարդկանց պահես այդպիսի «տեղեկատվական պղպջակի» մեջ, ապա նրանք չեն կարողանա նույնիսկ օբյեկտիվորեն հասկանալ, թե որոնք են հակափաստարկները և առհասարակ ինչի մասին է խոսքը։
Եվ սա, ի վերջո, հանգեցնում է ընտրազանգվածի տարբեր հատվածների միջև երկխոսության բացակայությանը, երբ մարդիկ նույնիսկ ունակ չեն լսելու միմյանց փաստարկները։ Այսինքն՝ սա այնպիսի քաղտեխնոլոգիական քայլ է, որը հանգեցնում է հասարակության ավելի մեծ բևեռացմանը։
- Ո՞ր խմբերն են (կառավարական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ) ձեր երկրում սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերը: Ո՞ւմ համար է սոցիալական մեդիան դարձել հաղորդակցության հիմնական գործիք:
Վ. Պ.- Դարձյալ՝ լայն իմաստով քաղհասարակության և նրանց համար, ում անվանում ենք կարծիք ձեւավորողներ: Հասկանալի է, որ նրանք սոցցանցերի ամենաակտիվ մարդիկ են:
Կան որոշակի տիպի քաղգործիչներ, որոնք իրենց իմիջն ամբողջությամբ ձեւավորել են հենց սոցցանցերում, և նրանք նույնպես շատ ակտիվ օգտատերեր են: Ընդհանրապես սոցցանցերում ներկա են բոլորը՝ և իշխանության ներկայացուցիչները, և ընդդիմությունը:
Դժվար է գտնել որևէ կարևոր հասարակական կամ քաղաքական գործչի, որը չունենա սոցցանցերում իր հիմնական հարթակը՝ հանրության հետ հաղորդակցվելու և գաղափարներ առաջմղելու համար: Այնտեղ են բոլոր նախարարները, նախարարությունները, պատգամավորները, կուսակցությունների ղեկավարները և այլոք:
- Ինչպե՞ս են ձեր երկրում գործնականում դրսեւորվում արտաքին տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը (FIMI), հանրային կարծիքի վրա ազդելու այլ ձեւերը: Ի՞նչ դեր ունեն սոցցանցերը նման հիբրիդային հարձակումներում և դրանց դեմ պայքարում:
Վ. Պ.- Այո, սոցցանցերը միաժամանակ և մանիպուլյացիաների ու FIMI-ի առաջմղման հիմնական հարթակ են, և հիմնական միջավայր, որտեղ մենք առավելագույնս արդյունավետ պայքարում ենք դրա դեմ:
Սա պարադոքսալ է: Ես հետևում էի, թե ինչպես էր տեղի ունենում միջամտությունը հայաստանյան ընտրություններին, ինչպես էին առաջմղվում տարբեր խոսույթներ: Սոցցանցերը շատ մեծ դեր էին խաղում այդ ամենում, բայց միևնույն ժամանակ դրանք հիմնական հարթակներ էին հակազդելու և այդ ֆենոմենի դեմ հասարակության մոբիլիզացման համար:
Մոտավորապես նույն բանը տեղի է ունենում Մոլդովայում, ընդ որում՝ փոփոխական հաջողությամբ՝ մեկ մի կողմի, մեկ մյուս կողմի հաղթանակով: Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին նախորդած երկու-երեք ամիսների ընթացքում սոցցանցերը հիմնական հարթակ էին, որոնց միջոցով հնարավոր դարձավ մոբիլիզացնել հասարակությանը այդ միջամտության դեմ: Եթե ամփոփենք հաշվեկշիռը (դեբետը կրեդիտի հետ), ապա արդյունքն ավելի շուտ դրական է: Ընտրություններից հետո, սակայն, միտումը միանշանակ փոխվեց բացասականի: Սա անվերջ հակազդեցություն է:
- Ունի՞, արդյոք, Մոլդովայի ռուսամետ ընդդիմությունն իր ԶԼՄ-ները, որոնց միջոցով (սոցցանցերից զատ) փորձում է ազդել հանրային կարծիքի վրա:
Վ. Պ.- Մոլդովայում քիչ են կոնկրետ կուսակցությունների հետ կապված լրատվամիջոցները, նախկինում դրանք շատ ավելի շատ էին: Կան մի քանի մեդիաներ, որոնք ակնհայտորեն աշխատում են Սոցիալիստների կուսակցության համար, բայց դրանք ցածր ցուցանիշներով փոքր ռեսուրսներ են:
Ընդհանուր առմամբ, գոյություն ունի Ռուսաստանից ղեկավարվող հսկայական էկոհամակարգ: Դրա մեջ մտնում են լրատվական կայքեր, Telegram-ալիքներ, ինֆլյուենսերներ, YouTube-նախագծեր, հեռուստատեսություն և կոնկրետ լրագրողներ կոնկրետ հեռուստաալիքներում: Եվ բոլորն աշխատում են ռուսամետ ընդդիմության շահերի համար:
Որոշակի պահի դրանց մեծ մասը կապված էր «Շոր» կուսակցության (կամ խմբի) հետ, որը բառի բուն իմաստով քաղաքական կուսակցություն երբեք չի էլ եղել: «Շոր»-ն ավելի շուտ հարթակ է, գործիք, որի միջոցով Ռուսաստանն իրականացնում է իր միջամտությունը: Երբ նրանք վերջնականապես դադարեցին դասական քաղաքական պայքար մղել, վերածվեցին ազդեցության ենթակառուցվածքի, որն աջակցում է ամենատարբեր քաղաքական ուժերի: Աջակցություն է ցուցաբերվում նույնիսկ այն կուսակցություններին, որոնք պաշտոնապես իրենց որպես արևմտամետ/եվրոպամետ ուժ են դիրքավորում, բայց իրականում առաջ են տանում լիովին ՌԴ շահերից բխող հռետորաբանություն:
Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպայի Միության և ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամի (GMF TF) ֆինանսական աջակցությամբ։ Տեսանյութի բովանդակության պատասխանատվությունը միայն «Ռեգիոն» հետազոտական կենտրոնինն է և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպայի Միության և GMF TF -ի կարծիքը։


+37410 563363
Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան